Կորոնավիրուսը կհանգեցնի գլոբալիզացիայի վախճանին և կհարվածի վերազգային կառույցներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News 

տնտեսական

«Թե իրականում COVID-19 կոչվող համավարակը ինչից առաջացավ, կամ որ պետության մատն էր խառը, ում էր ձեռնտու, ում համար էր վատ, կարծում եմ, արդեն ուշ է քննարկել և դա էական էլ չի։ Իսկ էական է այն, որ կորոնավիրուսը վերածվել է համաշխարհային հանրության և տնտեսության վրա ազդող թիվ մեկ գործոնը։ Անկախ դրա արագ հաղթահարմանն ուղղված ջանքերից և միջոցառումների արդյունավետությունից՝ այն փոխելու է գոյություն ունեցող հին աշխարհակարգը»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանը:

Նա վստահ է՝ իզուր չէ, որ աշխարհի մի շարք առաջատար երկրների առաջնորդներ համավարակը նույնականացնում են պատերազմի հետ։ Այո, ընդգծում է, նա, մինչ օրս միայն համաշխարհային պատերազմների հետևանքով է փոփոխվել համաշխարհային քաղաքականության «ստատուս քվոն», կազմաքանդվել են կայսություններ ու գերտերություններ,փոխարենը ձևավորվել նորերը, ակայն, ի վերջո, հասարակությունը զարգանում է արագ թափով և փոխվում են նաև պայքարի թատերաբեմն ու միջոցները։

«Համավարակի այս ճգնաժամը հզոր հարված էր գլոբալիստական քաղաքականությանն ու դրա հետևանքով ձևավորված վերազգային կառույցներին։ Սրա վառ ապացույցն է Հին աշխարհի՝ Եվրոպայում տիրող խառնաշփոթն ու ծանր վիճակը, երբ ականատես ենք լինում, թե ինչպես Եվրոպական Միության պետությունները փակում են իրենց սահմանները և մեկուսացվում հարևան պետություններից, չնայած որ դրանք նույն պետության առանձին «մասնիկներ» են։ Նույն ԵՄ-ն նույնիսկ ի զորու չեղավ ժամանակին արձագանքել ու աջակցություն ցուցաբերել Իտալիային, որը իրեն պատուհասած աղետի հետ, փաստացի, մեն-֊մենակ մնաց։ Բայց չէ՞ որ ժամանակին ցուցաբերած օգնությունը կկանխեր նաև մյուս պետություններում այդ համավարակի տարածումը, և որ դրանք այժմ ստիպված չէին լինի փակել իրենց սահմանները»,- նշում է տնտեսագետը։

Սարգսյանի համար մեկ բան ակնհայտ է․ աշխարհն այլևս նախկինը չի լինի և գլոբալիզմի երբեմնի առաջադեմ և այլընտրանք չունեցող քաղաքականությանը կփոխարինի ավելի ֆրագմենտար քաղաքականությունը՝ հիմնված ներազգային շահերի ու գաղափարների վրա:

Վրույր Սևակ