Ցիտրուսային մրգերի, ոսպի և բրնձի գներն աճել են․ ՏՄՊՊՀ-ն այստեղ անելիք ունի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

տնտեսական

«Որոշ ապրանքախմբերում գնաճ ենք նկատել։ Մեր իրականացրած ուսումնասիրությունների վերջին տվյալներով, ցիտրուսային մթերքների, ոսպի և բրձնի գներն աճել են։ Այս հարցով դիմել ենք ՏՄՊՊՀ և առաջարկել ենք մեխանիզմներ ներդնել։ Հորդորել ենք՝ ամեն շաբաթ նշվի, թե ի՞նչ ուսումնասիրություններ են արվել, որտե՞ղ է արձանագրվել գնաճ և ի՞նչ պատճառահետևանքային կապ կա այդ ամենում։ Ինչո՞ւ է սա կարևոր․ եթե չիմանանք կապերը, չենք կարող հասկանալ՝ չարաշահում ունե՞նք, թե՞ ոչ», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ 

Պիպոյանն այս գործընթացներում շատ կարևոր է համարում նաև Էկոնոմիկայի նախարարության գործելաոճը, որովհետև, ըստ նրա, չի բացառվում՝ որոշակի ապրանքային շուկաների հետ կապված լինի այս ամենը, այսինքն՝ ապրանքը բերվի մի երկրից, որտեղ իսկապես թանկացումներ կան։

«Արտակարգ դրությունն ինքնին չէր կարող որևէ փոփոխություններ չբերել։ Մենք ոչ բոլոր ապրանքների հարցում ենք ինքնաբավ, և, որքան էլ համարենք, որ մեր սահմաններում լուրջ խնդիր չունենք և տեղաշարժի մասով ամեն ինչ նորմալ է, այս կամ այն կերպ բեռնատարները կարող են գալ և մեզ անհրաժեշտ ապրանքները բերել, կա մեկ այլ կողմ, թե այդ նույն երկրները կշարունակե՞ն նույն ապրանքների մատակարարումը, թե՞ ոչ։ Սակայն, այս պահին, լարվելու քիչ բան ունենք, բայց թե ինչ կլինի վաղը, չենք կարող գուշակել» , - նշեց նա։

Պիպոյանն ընդգծեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը մեծ անելիք ունի՝ հասկանալու համար, թե ի՞նչ ռիսկեր կունենանք և ինչպե՞ս փակենք այդ ռիսկերը։

Սոնա Գրիգորյան