Դատավոր Կարեն Ֆարխոյանը կատարեց իր մշտական առաքելությունը ԱԱԾ-ի հանդեպ. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

իրավական

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քիչ առաջ, 10 օրյա քննարկումից հետո, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կ.Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ միջնորդությունը Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին:Որոշումը որակում եմ որպես ակնհայտ անհիմն և անօրինական, նույնիսկ տեղին է անվանել «խայտառակ», մասնագիտական շրջանակներին հայտնի դատավոր Կ.Ֆարխոյանը կատարեց իր մշտական առաքելությունը ԱԱԾ-ի հանդեպ, կալանավորեց մարդու երեք տարի 4 ամիս վաղեմության միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեղադրանքով, որի շրջանակներում բոլոր քննչական գործողությունները ըստ էության ավարտվել են, այդ գործողություններին միջամտելու վտանգներ այլևս չկան, հունիսի 14-ից պատշատ ներկայացել է քննությանը: Դրա հետ պետք է նշել, որ մեղադրանքը հիմնված է մեկ անձի ցուցմունքի վրա,ով երեկ տեղի ունեցած առերեսման ընթացքում հաստատել է պարոն Մանուկյանի պնդումները,ինչը առոչինչ է դարձնում հիմավոր կասկածը: Ուշագրավ է,որ Ֆարխոյանը բացարկման ենթակա անձ էր, իրավունք չուներ քննել միջնորդությունը, սույն գործի մայր գործով հարազատ եղբայրը, մեղադրյալ է և այն գտնվում է նախաքնության փուլում ԱԱԾ-ի վարույթում, ինչը կաշկանդելու նրան ԱԱԾ «սրտով չգնալը»: Կան այլ փաստարկներ ևս: Որոշումը պաշտպանական թիմը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարան հենց երկուշաբթի օրը»:

Թեմային անդրադարձել է նաև գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Ուզում եմ տեղեկացնել, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։

Այսինքն դատարանը ՀԻՄՆԱՎՈՐ Է ՀԱՄԱՐԵԼ ինչպես իրեն մեղսագրված հանցավոր արարքներին Ա․ Մանուկյանի հնարավոր առնչությունը, այնպես էլ կալանավորման հիմքերը։
Հիշեցնեմ կրկին, որ Ա․ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելուն Գ․ Ծառուկյանին և այլոց հանցակցելու համար»,- գրել է Աբրահամյանը:

--0--ԱՀ