Ճիշտ մատուցված գրականությունը ճիշտ ապրելու ուղի է բացում

к

Մարդիկ վատը չեն լինում, սակայն չդիմանալով մի շարք գայթակղությունների ու տարբեր ազդակների ճնշումներին երբեմն մակերեսային ընկալումների հետևանքով, հայտնվում են կյանքի սահմանագծից այն կողմ որտեղ պայքարն արտահայտվում է մոր աչքերի, արևի ջերմ ճառագայթների և ի վերջո՝ ազատության հոտի տեսքով:

Անազատության մեջ հայտնված անձանց դասավանդելու առաջարկն ինձ անակնկալի բերեց՝ խնդիրն ամենևին այն չէր, որ գիտելիքդ փոխանցելու համար որևէ տարբերություն կա լսարանին՝ այլ այն, թե արդյոք կհաջողվի հոգեբանական ծանր վիճակում գտնվող անձանց մեջ կրթություն ստանալու ցանկություն առաջացնել:

Դեռևս 2018թ.  ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում  դասավանդել եմ անգլերեն, հետագայում՝  2019թ. «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նախաձեռնվեց ուսումնական տարվա սկիզբը սկսել հանրակրթություն ծրագրով և հենց այս ծրագրի շրջանակում ինձ առաջարկվեց  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դասավանդել 19 տարեկան կալանավորված անձանց, ովքեր չունեին ավագ դպրոցի ատեստատ, ապա նաև անգլերենին ավելացավ հայոց լեզու և գրականություն առարկաները:

Այսպես սկսվեց քրեակատարողական հիմնարկներում հայտնված անձանց դասավանդելու իմ փորձը` Գեղագիտական դաստիարակություն և կրթություն ծրագրի շրջանակներում. մեծահասակների դասավանդում սկզբում անգլերեն, ապա նաև հայոց լեզու և գրականություն: Իսկ գիտելիքը փոխանցելու համար հարկավոր էր մշակել հատուկ մեթոդներ, որպեսզի և՛ ծրագիրը յուրացվեր նրանց կողմից,և՛ այդ միջոցով անձի աշխարհայացքի փոփոխություն լիներ՝ իրենք իրենց վերագտնեին, ապրած տարիները վերաարժևորեին:

ՀՀ-ում «Covid19»-ի մոլեգնման պատճառով դատապարտյալների հետ դասերը որոշվեց անցկացնել առցանց եղանակով: Ի դեպ,  Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն ծրագիրը Հայաստանում միակն է, որն ուղղված է դատապարտյալների համար գեղագիտական և կրթական դասընթացների իրականացմանը:

Նախ սկսեմ նրանից, որ արդեն ոչ անչափահասների հետ աշխատելուց՝ որպես մարդ առաջին հերթին անազատության մեջ գտնվող անձանց կողմից կարծես փորձության ես ենթարկվում, ստուգում են գիտելիքներդ, ինչու չէ նաև մարդկային որակներդ:

Իմ խմբի դատապարտյալների թվում կան նաև օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր իրենց պատիժը կրում են Հայաստանում,  շատ ավելի պարտավորեցնող է նրանց մեր մայրենի լեզուն սովորեցնելը, ինչպես նաև իրենց լեզվով անգլերեն դասավանդելը:  Համալսարանում ուսանելու տարիներին չէի կարող պատկերացնել, որ մի օր իսպաներենի իմ գիտելիքները կարող եմ գործածել իսպանախոս պերուացուն անգլերեն սովորեցնելու համար:

Օտարերկրյա դատապարտյալները հույս են հայտնում, որ եթե դասապրոցեսները նման ընթացք ունենան կլինի այն արդյունքը, որ  ազատության մեջ հայտնվելով, թեև չունենալով մասնագիտություն՝ մեծ է հնարավորությունը իրենց երկիր վերադառնալու պարագայում աշխատանք  գտնել: Ինչն էլ հենց իմ աշխատանքի արգասիքը կլինի, որն էլ դրված է ծրագրի և իմ կողմից մշակված դասավանդման մեթոդի և նպատակի հիմքում:

Հարկ եմ համարում նշել, որ ի սկզբանե «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շահառուներն էին  «Արմավիր», «Աբովյան», «Վարդաշեն» ՔԿՀ-ները և ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը, իսկ նոր ուսումնական տարում ավելացել է նաև «Կոշ» և «Սևան»  ՔԿՀ-ները: Դա նշանակում է՝  նոր քրեակատարողական հիմնարկ՝ նոր մարտահրավերներ:

«Կոշ»  ՔԿՀ-ում հայոց լեզու և գրականություն առարկան առաջին անգամ էր դասավանդվում և այն պետք էր ներկայացնել այնպես, որ մասնակիցները ստանային լիարժեք գիտելիքներ՝ գրագետ, առանց ժարգոնային արտահայտությունների խոսքի կառուցում, անսխալ ու վարժ գրելու, կարդալու ունակություն, գրական ստեղծագործությունը գնահատելու, կերպարները վերլուծելու,  գաղափարական արժեքները բացահայտելու կարողություններ:

Իսկ հայոց լեզվի նպատակն է լեզվաքերականական գիտելիքները խոսքի կառուցման ընթացքում կիրառելու հմտությունը, բառապաշար հավաքելու հնարավորությունը:

Դատապարտյալների գիտելիքների մակարդակները տարբեր են, սակայն ի զարմանս ինձ՝ դատապարտյալների մեջ կային այնպիսի անձինք ովքեր մայրենի լեզվից նվազագույն գիտելիքներ անգամ չունեն և նրանց հետ տարվում է առանձին աշխատանք, որպեսզի ազատության մեջ կարողանան ինտեգրվել հասարակություն և աշխատանք ունենալ:

Այս ամենը հնարավոր է փոխանցել դատապարտյալներին բացառապես  նյութին լիարժեք տիրապետելու շնորհիվ, 160 րոպեում քեզ ունկնդրողը՝ անազատության մեջ գտնվող անձը, չպետք է ձանձրանա և հիասթափվի: Դասընթացի մասնակցությունը դատապարտյալներին կտա հնարավորություն պատժի կրման ձևի փոփոխության կամ վաղաժամկետ ազատ արձակվելու ապահովում:

Դասավանդման համար կա նախապես հաստատված ծրագիր, որն անհրաժեշտ է մատուցել հետաքրքիր կերպով, դա միտում է իրենից,  որ դասախոսը բացի ծրագրային բուն նյութից ներկայացնի հավելյալ ինֆորմացիա,  որը կդառնա մասնակիցների համար քննարկման առարկա և հենց այս ամենն էլ  մոտիվացնում է դատապարտյալներին մասնակցել բոլոր դասերին:

Օրինակ, հնարավոր է խոսել քրիստոնեության ընդունումից և հասնել մինչև հոգեբանության, փիլիսոփայության հարցերին, ստեղծել այնպիսի սուբյեկտիվ աշխարհ՝ ապրելու համար ճիշտ օբյեկտիվ աշխարհում և այս ամենին հասնելու համար պետք է բավականաչափ  աշխատանք կատարել՝ ուսումնասիրելով տարբեր երկրների և տարբեր խմբերի հետ աշխատելու փորձը:

Գրականության շնորհիվ օգնում եմ դատապարտյալներին վերգտնել իրենց անձը գրքի միջոցով՝ սովորեցնում եմ, թե ինչպես պետք է ճիշտ ընթերցել գիրքը, որպեսզի հասկանալի դառնա  բովանդակության ողջ էությունը և այդպիսով փոխեն իրենց ներաշխարհը, իսկ ներաշխարհը խոսում է մարդու ապրելակերպի մասին:

Գրականությունը մնում է գրականություն, իսկ հայ գրականությունը պետք է տեսնել նաև արտասահմանյան գրականության օվկիանում, ուստի և այդ գրական օվկիանին պետք է ծանոթանա նաև դատապարտյալը: Արտասահմանյան գրականությունն, ի դեպ, դատապարտյալների շրջանում մեծ հետաքրքրություն է վայելում, ցավոք ոչ բոլոր քրեկատարողական հիմնարկներն են համալրված հարուստ գրադարանով; Շատ հաճախ ցանկալի և կարևոր մի շարք գրքեր, որոնք իրապես օգտակար են, մարդուն կրթելու նպատակով,   չկան քրեակատարողական հիմնարկների գրադարաններում:

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը,  որ անազատության մեջ գտնվող անձինք չեն կարող օգտվել համացանցից՝ ուստի առաջնային խնդիր է, որպեսզի գրադարանները համալրվեն հարուստ և կարևոր գրականությամբ:

Գաղտնիք չէ, որ դատապարտյալներից շատերը բավականին շատ են ընթերցանությամբ զբաղվում, սակայն ստացված ինֆորմացիան յուրացնելու և ճիշտ ընկալելու հարցում ցանկալի կլիներ որպեսզի նրանց հետ երբեմն քննարկումներ կազմակերպվեին այդ գրքերի ընթերցման շրջանակներում, որը վստահաբար մեծ արդունավետություն կունենա:

Յուրաքանչյուր դասից հետո զգացվում է վարքի փոփոխություն, նկատելի է որ նրանք ոգևորված են դասերից, ուստիև ճիշտ մատուցված գրականությունը ճիշտ ապրելու ուղի է բացում՝ փոխվելու և ինքնամաքրման հնարավորություն տալիս:

Դասընթացների վերջնական նպատակն է՝ անհատի բարոյական կայացումը համամարդկային բարոյական նորմերի ու արժեքների ներդրման միջոցով դատապարտյալների վարքագծում և նրանց շրջապատողների փոխհարաբերություններում արմատական փոփոխության բերելը:

Սիլվա Արիստակեսյան

Տեսանյութեր

Live

Լրահոս