Մխիթար Հայրապետյանը Չինաստանի հավատարմատարին ներկայացրել է իրավիճակն Արցախում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Այսօր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր մասնաշենք եւ հանդիպում ունեցել ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ճոու Հունյուի հետ:

Մխիթար Հայրապետյանը պարոն Հունյուին, դեսպանության աշխատակիցներին եւ, ի դեմս նրանց՝ Չինաստանի ողջ ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 71-րդ տարեդարձի առթիվ: ԱԺ պատգամավորը հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացրել  է շփման գծի ողջ երկայնքով թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը, խոսել է նաեւ Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման վերաբերյալ՝ ուշադրություն հրավիրելով ռազմական գործողություններում Ադրբեջանի զինված ուժերում, ըստ հավաստի տեղեկությունների, հենց Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների ներգրավման հանգամանքի վրա։

Հայրապետյանը դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին հայտնել է, որ այն ռազմական գործողությունները, որոնք վերջին օրերին իրականացվում են հայկական զինված ուժերի կողմից ի պատասխան թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիայի, ոչ միայն լուծում են մեր հարենակիցների ֆիզիկական անվտանգության խնդիրը, այլեւ միտված են տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդմանը, ինչպես նաեւ Էրդողանի՝ պանթյուրքական ծրագրերի խափանմանը:

Պարոն Հունյուն էլ իր հերթին վերահաստատել է Չինաստանի դիրքորոշումն Արցախյան հիմնախնդրի շուրջ՝ հույս հայտնելով, որ խնդիրը կհանգուցալուծվի խաղաղ բանակցությունների միջոցով:

--00—ԼՄ