Թուրքիայում 292 զինվորականի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News   

թուրքիա

Թուրքիայում շարունակվում է այդ երկրում ահաբեկչական խմբավորում համարվող «գյուլենական համայնքի» («Ֆեթհուլլահական կազմակերպություն» FETÖ) ենթադրյալ անդամների կամ աջակիցների «որսը»: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության կողմից նրանց դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում Թուրքիայի զինուժի կազմում ընդգրկված 292 զինվորականի, այդ թվում աշխատանքից ազատված նախկին ծառայակիցների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։

Ըստ դատախազության՝ այդ զինվորականներն ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներով (տաքսաֆոն) կապ են հաստատել գյուլենական «խորհրդավոր իմամների» (մուսուլման հոգևորական) հետ։

Նշվում է, որ կասկածյալների հայտնաբերման ու ձերբակալման նպատակով ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումներն համաժամանակյա գործողողություններ են սկսել Թուրքիայի 42 նահանգներում: Այդ գործողությունների արդյունքում ձերբակալել են  բազմաթիվ զինվորականներ, նրանց թվում կան ներկայումս ծառայության մեջ  գտնվող 1 գնդապետ և 9 կապիտան: 

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանություններն ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։

Ըստ թուրքական իշխանությունների` Գյուլենն այդ գործողությունը ծրագրել և իրականացրել է երկրի ուժային կառույցներում ու հատկապես զինված ուժերում ներդրված մարդկանց ու համակիրների միջոցով։ Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերի հազարավոր սպաներ ու զինվորներ ձերբակալվեցին, տասնյակ հազարավորներն էլ հեռացվեցին աշխատանքից։ 

--00—ՄՀ