Արցախի պատմությունը շարունակվում է, մեզնից է կախված՝ ինչպիսին կլինի մեր հայրենիքի ապագան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

նկար

Արցախի վերածննդի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի պահպանողական կուսակցությունը, որն իր ֆեյսբուքյան էջում տարածել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

«Թանկագի՛ն հայրենակիցներ, կուսակիցներ, Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Արցախի վերածննդի օրվա առթիվ:

Այս տարի յուրովի ենք հիշում այդ օրը, մեր պետականաշինության բոլոր տարիները, հաղթանակները, օրհասական պահերն ու դժվարությունները:

Այս ծանր վիճակից դուրս գալու համար առաջին հերթին անհրաժեշտ է համախմբվել, ինքնամաքրվել, ամրապնդել մեր հավատքը, պայքարել արդարության համար: Այս պարզ, բայց և միաժամանակ բարդ գործընթացը մեզնից յուրաքանչյուրիցս պահանջում է հավատարմություն ազգային ու համամարդկային արժեքներին, լավատեսություն, արհեստավարժություն, բարոյական բարձր որակներ:

Արցախի պատմությունը շարունակվում է, և մեզնից է կախված, թե ինչպիսին կլինի մեր հայրենիքի ապագան: Եթե կարողանանք ճիշտ քայլեր ձեռնարկել, ապա կհասնենք մեր նպատակներին և կունենանք հուսալի ապագա:

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»,-նշված է շնորհավորական ուղերձում:

--00—ԼՄ