Մահվան ելքով վրաերթ՝ Խանջյան փողոցում․ մահացած կնոջը 2 անգամ վրաերթի են ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմանում Kia Sorento 7 մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 60-65 տարեկան կնոջ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և մինչ շտապօգնության ժամանումը փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին.

«Kia-ի վարորդն իջավ ավտոմեքենայից, մոտեցավ գետնին ընկած կնոջն ու փորձում էր օգնություն ցուցաբերել, երբ վերևից սպիտակ գույնի Range Rover, որի համարները չհասցրինք տեսնել, մեծ արագությամբ անցավ գետնին ընկած կնոջ վրայով, իսկ Kia-ի «շոֆեռը» հազիվ կարողացավ փախնել Ռենջի առաջից»։

Սկզբնաղբյուրը հայտնում է, որ Kia-ն հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, ուստի դեպքի փաստով քննությունը վարելու է Ռազմական Ոստիկանությունը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Range Rover-ն ու նրա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։