Առաջիկա 5 տարիները Հայաստանի համար կլինեն ճակատագրական․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առաջիկա 5 տարիները Հայաստանի համար կլինեն ճակատագրական, հետևաբար արդեն այսօր մենք պետք է մտածենք ու պլանավորենք ապագա 5 տարիների մեր անելիքը։ 
Իմ խորին համոզմամբ, առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանը պետք է ընթանա ազգային պետություն կառուցելու ճանապարհով` որդեգրելով ազգային-պահպահողական քաղաքականություն։

Տարածաշրջանային գործընթացները շարունակում են գտնվել խիստ անկանխատեսելի ու վտանգավոր տիրույթում, որտեղ առաջնային է դառնում Հայաստանի ներքին և արտաքին անվտանգային համալիրի վերագործարկումը` ինչպես փափուկ, այնպես էլ կոշտ ուժի գործադրման եղանակով։ 

Ֆիզիկական գոյության վտանգը պետք է մեզ ստիպի մի կողմ թողնել բոլոր ձևականությունները, միջազգային և համամարդկային կեղծ և շինծու պոստուլատները, բոլոր քաղաքական, և անձնական  բնույթի տարաձայնությունները և հակասությունները, միասնական ջանքերով մշակել և հաստատել Հայաստանի ազգային և պետական գերկա շահերը, դրանց հիմքի վրա մշակել նոր Սահմանադրություն, Ազգային անվտանգության նոր դոկտրինա և Արտաքին քաղաքականության համապարփակ հայեցակարգ։
Այս փաստաթղթերի առկայությունը և դրանց շուրջ համազգային կոնսենսուսը մեզ հնարավորություն կտա ձևավորել կոնսոլիդացված հասարակություն, գույքագրել, գեներացնել և կապիտալիզացնել Հայկական աշխարհի (սփյուռքի) ողջ ներուժը`Հայկական շահի բացահայտման, համաձայնեցման և այդ շահերին ծառայելու համազգային հանձնառության հաստատման բարձր առաքելությամբ։

Հայաստանի խորքային պետության ստեղումն այլընտրանք չունի, քանզի Հայկական պետությունը պետք է լինի վստահելի և կանխատեսելի գործընկեր իր ներքին և արտաքին գործընկերների համար, մշակի և իրականացնի ՀՀ ազգային ու պետական շահերի վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականություն։

Ոլորտային ռազմավարական քաղաքականությունները պետք է մշակվեն և գործադրվեն ՀՀ Ազգային անվտանգության դոկտրինայի և Արտաքին քաղաքականության հայցակարգի հիմքի վրա` մասնագիտացված ուղեղային կենտրոնների կողմից, որոնցում ներգրավված փորձագետներն ու գիտնականները կունենան բարձր պրոֆեսիոնալիզմ, Հայկական շահի խորը ընկալում և կլինեն այդ շահի նվիրյալներ։

Բոլոր օրենքները պետք է մշակվեն և ընդունվեն ի կատարումն ՀՀ Ազգային անվտանգության դոկտրինայի կոնկրետ դրութի` բացառելով ինքնանպատակ և կլանային շահերի սպասարկման նպատակով օրենքների ընդունումն ու իրավական խառնաշփոթը, օրենսդրական ակտերի թիվը պետք է կրճատվի առնվազն 2 անգամ, իսկ կանոնակարգումները լինեն առավելագույնս պարզ, մատչելի ու հասկանալի` բացառելով կոռուպցիոն որևէ ռիսկ և գործնականում փակելով դրա բոլոր հնարավորությումները։

Հայաստանը կարճ ժամանակում պետք է դառնա արդյունավետ կառավարվող տարածաշրջանային գերտերություն, ինքնուրույն և որոշիչ գործոն, որի շահերի հետ հաշվի կնստեն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային ուժային քաղաքական կենտրոնները։
Այլ կերպ ասած, կամ Հայաստանը կլինի 21-րդ դարի բոլոր պահանջներին բավարարող և արդյունավետ կառավարվող պետություն, կամ Հայաստան անունով պետություն այլևս չի լինի։
#գնում_ենք_առաջ
#ամեն_ինչ_լավ_է_լինելու»։

--00—ՄՀ