ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը Շրջակա միջավայրի նախարարությունում այսօր մասնակցել է խորհրդակցության, որի ժամանակ քննարկվել են Երևան քաղաքում և մարզերում համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր, գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, քննարկվել են մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է «10 մլն ծառ» նախաձեռնության ընթացիկ իրավիճակը, ապա անդրադարձել այդ նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին, հորդորել գործընկերներին անել հնարավորը՝ ծառատունկի աշխատանքներն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար։
Համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է 200.000 տնկի տրամադրել մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարծքներում տնկելու համար։
Շիրակի մարզին կտրամադրվի 10.000 տնկի։
Քննարկվել են նաև տնկված ծառերի հետագա խնամքին վերաբերող հարցեր։
Հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցել համապետական ծառատունկին, կարող են դիմել Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե՝ էլ հասցե՝ [email protected], հեռ․՝ (010) 65 17 38 կամ զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմ 098 888283 հեռախոսահամարով։
--00--ԱԹ