Թուրքիան առավել կագրեսիվանա՞ ՀՀ-ի նկատմամբ․ նրանց որևէ առիթ պետք չէ հարձակման համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

1

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային առնչվող հարցերի։

«Շատ է հնչում այն հարցը, թե արդյոք Բայդենի ճանաչման արդյունքում Թուրքիան առավել կագրեսիվանա՞ Հայաստանի նկատմամբ։

1. Կարծում եմ, որ՝ ո՛չ: Թուրքիան կարող է ագրեսիվանալ՝ առանց որևէ առիթի: 44-օրյա պատերազմը՝ ձեզ օրինակ: Լիբիան, Սիրիան, Իրաքը, Կիպրոսն ու Հունաստանը՝ ձեզ օրինակ: Այնպես որ որևէ առիթ Թուրքիային պետք չէ հարձակում գործելու համար որևէ պետության դեմ: Ինքն իր հաշվարկն ունի, իր շահերն ունի ու իր մասշտաբային ինքնուրույնությունը:

2. Հետո Հայաստանն ի՞նչ կապ ունի Բայդենի ճանաչման հետ: Բայդենը խոստացել է իր քաղաքացիներին՝ ամերիկահայերին, իրեն ընտրել են, ինքն էլ խոստումը կատարել է: Հայաստանին չի խոստացել: Այնպես, որ եթե կարող է, թող ԱՄՆ-ի դեմ ագրեսիվանա:

Ի դեպ, եթե նկատեցիք, ամերիկացիները կառավարեցին շոկը: Այսինքն՝ այնպես արեցին, որ որոշումը Թուրքիայի համար շոկային չլինի: Շոկը կարող է անկառավարելի հետևանքներ առաջացնել: Դրա համար երկու շաբաթ առաջ ողջ ամերիկյան մամուլը հեղեղված էր տեղկություններով ճանաչման վերաբերյալ: Ավելին, Բայդենը մեկ օր առաջ զանգեց և տեղեկացրեց Էրդողանին իր որոշման մասին:

Կարծում եմ՝ դրա համար էլ Թուրքիայի արձագանքը շատ կոշտ չէր: Միաժամանակ կոշտ չարձագանքեցին, որ ներքին լսարանի համար չկարևորեն տեղի ունեցածը: Այսինքն՝ ճանաչման փաստին անլուրջ վերաբերեն: Նույնիսկ դեսպանին դեռ հետ չեն կանչել, ինչպես ամեն անգամ անում են»,-գրել է Սուրեն Սարգսյանը:

--00—ԼՄ