Հայ-ռուսական հարաբերությունները վտանգավոր մակարդակի չեն, բայց անվստահություն կա

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներին: Արդյո՞ք դրանք հասել են վտանգավոր մակարդակի, հնարավո՞ր է այդ հարաբերությունները վերադարձնել նախկին մակարդակին: Այս հարցերին ի պատասխան՝ Քոչարյանը նշել է.

«Ես չեմ կարծում, որ խոսքն ինչ-որ վտանգավոր մակարդակի մասին է: Կա անվստահության լուրջ մակարդակ այն ամենի նկատմամբ, որ ՀՀ գործող իշխանությունն է այստեղ անում, բայց ես չեմ կարծում, թե այդ հարաբերություններն այն աստիճանի են վնասված, որ հնարավոր չէ շատ արագ վերականգնել: Մեր շահերը բազմաթիվ ուղղություններով համընկնում են: Այստեղ բավական է ընդամենը վերադառնալ ազնիվ հարաբերություններին, առանց մութ խաղեր խաղալու: Եվ հարաբերությունները շատ արագ կվերականգնվեն»:

Լրագրողը հետաքրքրվել է՝  երկրորդ նախագահը նկատե՞լ է, որ Փաշինյանը փորձում է հաղթել հակառուսական տրամադրությունների շնորհիվ: 

 

«Նա իր ողջ գիտակցական կյանքում քաղաքական և լրագրողական կարիերա է կառուցել հակառուսական կարգախոսներով: 2018 թ. ապրիլյան իրադարձություններից հետո ՌԴ հետ իրական հարաբերությունները փոքր-ինչ ստվերեցին տրամադրությունների հակառուսականությունը, բայց այժմ դրանք սկսում են դրսևորվել, գուցե ոչ այդքան ակնհայտ, բայց թեման միշտ առկա է»,- ասել է նա:

Հաղթելու դեպքում ինչպե՞ս է պատրաստվում կառուցել հարաբերությունները ՌԴ հետ: Այս հարցին պատասխանելով՝  Քոչարյանը նշել է, որ կա համագործակցության ոլորտների լայն շրջանակ: 

«Հայաստանը փոքր երկիր է, ոչ մեծ տարածքով ու բնակչությամբ: Ռուսական շուկան մեզ համար հսկայական է: Այդ պատճառով ցանկացած ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորություն կա: Տնտեսության մեջ ինտեգրումը շահեկան է, ընդ որում, կարծում եմ՝ և մեզ, և ՌԴ համար: Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհը մշտական տրանսպորտային խնդիր է, այստեղ նույնպես պետք է ունենալ մայրուղու համատեղ նախագիծ, որը կդառնար զարգացման լուրջ գործոն թեկուզ առկա տրանսպորտային հոսքերի համար:

Ի դեպ, ես կարծում եմ, որ դա շահեկան կլիներ նաև իրական կողմին, մինչև անգամ Չինաստանին: Դա կարծես մի սեպ է կոկորդում, որ այսօր խանգարում է տնտեսությունում մեր հարաբերությունների զարգացմանը»,- ասել է նա:

--00--ԱԹ