Քրիստոսի Պայծառակերպության տոնը Վիրահայոց թեմում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 11,  24News

Վարդավառ

2021 թվականի հուլիսի 11-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց  հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը: Վիրահայոց թեմի եկեղեցիներում տոնի առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Այս մասին հայտնում են Վիրահայոց թեմից: 

Առավոտից աշխուժություն էր տիրում եկեղեցիներում:

Թբիլիսիի և Վրաստանի հայաբնակ տարածաշրջանների հավատացյալ ժողովուրդը մեծ խանդավառությամբ գալիս էր եկեղեցի մասնակից դառնալու Քրիստոսի Պայծառակերպության կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Վարդավառի տոնակատարությանը:

Թբիլիսիի առաջնորդանիստ «Սուրբ Գևորգ» եկեղեցում,  Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, տոնական Սուրբ Պատարագ  մատուցեց առաջնորդի նորանշանակ  օգնական հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանը: Վերջինիս համար օրը առանձնահատուկ խորհրդական էր, քանզի քահանա ձեռնադրվելուց հետո Հայր Նշանն իր առաջին Պատարագը մատուցել է  Վարդավառի տոնին և ուխտել տոնը  իր կյանքում նշանավորել Սուրբ Պատարագի մատուցմամբ:

Պատարագիչ Հայր Նշանը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա Աստվածային խորհրդի մասին և  պատգամեց նորոգվել Հիսուսով, Պայծառակերպված Քրիստոսով ապրել նոր կյանք, որը մարդկությանը կբերի բարություն, սեր, համերաշխություն և հոգևոր լուսավորություն: Հայր Սուրբը հորդորեց հավատացյալներին  հարստացնել կյանքը հոգևոր արժեքներով, բարի գործերով, գթասրտությամբ և ներողամտությամբ:

Հավարտ Սբ. Պատարագի  հավատացյալներին իր օրհնությունը և շնորհավորանքը հղեց  Թեմակալ առաջնորդը և ներկայացրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Վիրահայոց թեմում  հոգևոր ծառայության նշանակված հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանին:

Հեթանոսական ժամանակներից եկող և քրիստոնեական շունչ ստացած միմյանց վրա ջուր ցողելու սովորությունը կամ Վարդավառն իր արտահայտությունն է գտնում նաև այսօր:  

Հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի գլխավորությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ  կատարվեց եկեղեցու բակում տեղադրված լողավազանի ջրի օրհնության կարգ և սկիզբ առավ տոնական ուրախ տրամադրությունն ու  միմյանց վրա ջուր ցողելու ժողովրդական սովորույթը: Վարդաջրով մաքրվելու ուրախ և աշխույժ տեսարանի մասնակից դարձան ներկա ահելներն ու ջահելները, հյուրերն ու պատարագի մասնակիցները, բոլոր հավատացյալները:

Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ հետպատարգյա տոնական հանդիսություններ տեղի ունեցան Վիրահայոց թեմի  Բաթումի «Սուրբ Փրկիչ», Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս», Քվեմո Քարթլիի տարածշրջանի  շրջանների և  շրջակա գյուղերի եկեղեցիներում և մատուռներում: Այնուհետև ամենուրեք տեղի ունեցավ  տոնական հյուրասիրություն:

--00--ԱԹ