Վիրահայոց թեմում վերաօծվել է Փոքր Խանչալիի Սուրբ Հակոբ եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

թեմ

Վիրահայոց թեմի  գործող եկեղեցիների շարքը համալրվեց ևս մեկ վերաօծված եկեղեցով:

2021 թվականի սեպտեմբերի 5-ին  հանդիսավոր մթնոլորտում,  դռնբացեքի արարողությամբ և Սուրբ մյուռոնի զորությամբ  վերաօծվեց  Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղի 19-րդ դարի կառույց  Սուրբ Հակոբ եկեղեցին:

Եկեղեցու վերաօծման սրբազան արարողությունը կատարվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի ձեռամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի կողմից՝   Նինոծմինդայի շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու  և հարակից գյուղերի  հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի մասնակցությամբ:

Աստծու տան վերաօծման  արարողությանը  ներկա էին հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը, արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը,  արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը:

Հինավուրց եկեղեցու վերաշինության  աշխատանքներն իրականացվել էր ծննդով փոքր խանչալցի, այժմ ռուսաստանաբնակ գործարար  Արտակ Իսպիրյանի  բարեգործությամբ: Բաերարարի խոսքերով՝ նպատակը եղել է պահպանել հինավուրց եկեղեցին և գյուղի բնակչությանը ընձեռել աղոթելու, եկեղեցական ծեսերին մասնակցելու,  պսակ, մկրտություն և այլ  կրոնական արարողությունները բարեկարգված  եկեղեցում իրականացնելու  հնարավորություն:

Շնորհավորելով գյուղի բնակչությանը, բարերարին ու  նրա ընտանիքին նորացված  և գեղեցկացած եկեղեցի ունենալու  համար, հոգևոր  ծառայողների կողմից հնչեցին նաև օրհնության և գնահատանքի խոսքեր  Հայոց եկեղեցու  պատվիրաններով, Ամենազոր Աստծու և Հիսուս Քրիտոսի խոր հավատքով ապրելու  պատգամով:

--00—ՄՀ