Ազգային արխիվում քննարկվել է հրատարակիչ Ռոպէր Ճէպէճեանի անձնական արխիվը Հայաստան տեղափոխելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Այսօր՝ նոյեմբերի 17-ին,  Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանն ընդունել է Ծոցի երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, աստվածաբանության դոկտոր, գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Հրայր Ճէպէճեանին:

Գրիգոր Արշակյանը հյուրին  է ներկայացրել  արխիվի գործունեությունն և ընդգծել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի փաստաթղթային ահռելի հավաքածուի կարևորությունը, պատմամշակութային ժառանգությունը պահպանելու ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը:

Հրայր Ճէպէճեանն անդրադարձել է Միացյալ աստվածաշնչային ընկերության գործունեությանը՝ նշելով, որ այն գործում է աշխարհի շուրջ 190 երկրում, այդ թվում՝ Հայաստանում:

Զրուցակիցները երկուստեք պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համագործակցելու գիտահետազոտական, մշակութային ոլորտներում: Այդ համատեքստում անդրադարձել են Մերձավոր և Միջին Արևելքում գտնվող մեծածավալ հայկական արխիվների հետագա ճակատագրին և դրանք Հայաստան տեղափոխելու հնարավորություններին: 

Քննարկվել է նաև Միացյալ աստվածաշնչային ընկերության՝ ԱՄՆ-ում, Լիբանանում, Եգիպտոսում գտնվող արխիվները, հատկապես լիբանանահայ հայտնի ակնաբույժ, հասարակական գործիչ, հրատարակիչ Ռոպէր Ճէպէճեանի անձնական արխիվը Հայաստան տեղափոխելու հարցը:

Հիշեցնենք, որ Հրայր Ճէպէճեանը հեղինակ է գիտական-աստվածաբանական բազմաթիվ ուսումնասիրությունների: 2010 թ. հրատարակել է իր առաջին հատորը՝ «Հայուն գոյապայքարի ճանապարհը», որում ամփոփված է հեղինակի 30 տարիների հոդվածների հավաքածուն: Աշխատանքային գործունեության ընթացքում ճամփորդել է աշխարհով, ուսումնասիրել համայնքների խնդիրներն ու հայ մարդուն, անդրադարձել հայկական իրողություններին, տեսել և զգացել է Սփյուռքը, և իր երկրորդ գիրքն այդպես էլ վերնագրել է՝ «Սփյուռքահայ կեանքեր, ինչպէս որ տեսայ», որն ընդգրկում է հեղինակի 2011-2017 թթհոդվածները:

--00—ԼՄ