Դատավորների հայտարարագրերը կենթարկվեն առավել խորը վերլուծությունների

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 26News

,

Դատավորների հայտարարագրերը կենթարկվեն առավել խորը վերլուծությունների, հայտնում է Փաստինֆո կայքը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն օրենսդրական փոփոխությունների նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով առաջարկվում է երկարաձգել դատավորների հայտարարագրերի վերլուծման ժամկետը՝ մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Միևնույն ժամանակ, առաջարկվող կարգավորումների համաձայն՝ վերլուծության կենթարկվեն նաև դատավորների՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացված պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու, ինչպես նաև 2021 թվականի տարեկան հայտարարագրերը:

Խնդիրն այն է, որ 2020 թվականի մարտի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի անցումային դրույթներով սահմանվել է, որ տվյալ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ժամկետում, Հանձնաժողովը վերլուծում է դատավորների հայտարարագրերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը ներդրվել է 2021 թվականին և, ըստ այդմ, Հանձնաժողովի կողմից կատարվող վերլուծությունների ծավալն այդ պահից սկսած էականորեն ընդլայնվել է, Հանձնաժողովը կարծում է, որ իր լիազորությունների լիարժեք իրականացումն ապահովելու՝ դատավորների հայտարարագրերի ամբողջական վերլուծության իրականացման համար անհրաժեշտ է նախատեսել առավել երկար ժամանակահատված:

Այս հանգամանքով պայմանավորված՝ Հանձնաժողովն առաջարկում է երկարաձգել դատավորների հայտարարագրերի վերլուծման ժամկետը՝ մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

«Այսպիսով` հնարավոր կլինի ապահովել բավարար ժամանակի առկայություն՝ դատավորների ֆինանսական դրության մանրամասն ուսումնասիրություն կատարելու, առկա խնդիրները հավուր պատշաճի վեր հանելու նպատակով: Միաժամանակ, ծախսերի հայտարարագրերի առնչությամբ հարկ է նշել, որ մինչև առաջարկվող ժամկետի ավարտը վերլուծման ենթակա են Օրենքի ուժի մեջ մտնելուց՝ 2021 թվականի փետրվարի 17-ից հետո ծախսերի հայտարարագիր ներկայացրած դատավորների ծախսերի հայտարարագրերը»,- նշված է նախագծում։

Ըստ նախագծի հիմնավորման՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելով՝ կապահովվի դատավորների հայտարարագրերի վերլուծությանն առնչվող ստուգման գործառույթների պատշաճ և արդյունավետ իրականացումը։

Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև մայիսի 3-ը։

 

--00--ՆՍ