Հայոց ազգը վերագտնելու է իր միասնությունը, մարտական ոգին. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ
Մայիսի 28-ին համայն հայությունը տոնում է Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի, Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման տարեդարձը։

Շնորհավորում եմ բոլորիս։

Խոնարհվելով մեր հաղթանակները կերտած սերունդների առջև և հպարտություն ապրելով նրանց սխրանքը վերհիշելիս՝ գիտակցում ես նաև, որ ինչպես անցյալ դարասկզբին, այնպես էլ այսօր մենք կանգնած ենք նույն սպառնալիքների առջև։

Եվ եթե մեր հայրերն ու պապերը կարողացել են ցեղասպանությունից երեք տարի անց ջարդել ու կանգնեցնել թշնամուն, ինչու մե՛նք չենք կարող Արցախի հանձնումից, կապիտուլյացիայից երկու տարի անց նորից միավորվել ու հերթական դասը տալ ներքին և արտաքին այն ուժերին, որոնք Արցախի, Հայաստանի դեմ են խաղում։ Ի՛նչն է խանգարում մեզ՝ գիտակցելու այս ամենը ու կանգնեցնելու պարտությունների, զիջումների շղթան։

Պատասխանը մե՛կն է՝ ՍՈ՛ՒՏԸ, որով Հայաստանի ապիկար իշխանությունն ամեն օր ամենատարբեր հարթակներից կերակրում ու պառակտում է ժողովրդին։
Սակայն հայոց ազգը վերագտնելու է իր միասնությունը, մարտական ոգին, և Դիմադրության համազգային, անկասելի շարժումը նոր նվաճումների երաշխիք է դառնալու։

Հավերժ փա՛ռք ու պատիվ այն սերունդներին, որոնց պայքարի ու կյանքի գնով Հայաստանն այսօր կանգուն է և լինելու է հավե՛րժ»,-ասվում է ուղերձում։

--00—ԼՄ