«Թաքնված ջրվեժ»-ի մոտակայքում որոնում են 29-ամյա տղային.նա տեսել է՝ ինչպես է ընկերուհին ընկել ջրվեժը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

․

Արդեն 5 ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի 6 հրշեջ-փրկարար, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, վարչության պետ Սերգո Ավետիսյանի և ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների հետ՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ, ինչպես նաև նրանց միացած «Հայանտառի» Հաղարծինի տեղամասի աշխատակիցները, Հաղարծին բնակավայրի «Թաքնված ջրվեժ» կոչվող արահետում մոտ 3 կիլոմետր շառավղով որոնողական աշխատանքներ են կատարում: 

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել Աննա Խ.-ից, ով հայտնել է, որ նշված տարածքում մոտ 5-10 մետր բարձրությունից ինքն ընկել է գետը, և այդ պահին իր հետ է եղել իր ընկերը՝ 29-ամյա Վահան Ս.-ն: Որոշ ժամանակ անց ինքը գետի մեջ ուշքի է եկել և ահազանգել է համապատասխան մարմիններին: Օպերատիվորեն ժամանել են Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Աննա Խ.-ին, այնուհետև միացել փրկարարներին և ոստիկաններին, և ոտքով մոտ 3 կմ շարունակել են Վահան Ս.-ի որոնողական աշխատանքները:

Երեք ուղղություններով որոնողական աշխատանքները շարունակվում են, որոնք ղեկավարում են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետը, Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի օրվա պատասխանատուն և «Հայանտառի» Հաղարծինի տեղամասի անտառապետը: Առաջին իսկ պահից որոնողական աշխատանքներին միացել են նաև նշված վայրի հարևանությամբ գործող սննդի կետի աշխատակիցները, որոնցից Սեյրանը մի քանի անգամ իր Niva-ով անտառի դժվարանցանելի հատվածում՝ փրկարարների և ոստիկանների հետ մոտ 4 կմ որոնողական աշխատանքներ կատարեց:  

Անտառի մուտքի մոտ հայտնաբերվել է նաև Mazda մակնիշի ավտոմեքենան, որով՝ ըստ Աննա Խ-ի հայտարարության, ինքը Վահան Ս.-ի եկել էին այնտեղ և մեքենան կայանել, ու մոտ 3,5 կմ ոտքով՝ անտառով հասել «Թաքնված ջրվեժ»:

Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են:

--00--ԱՀ