Տան տերը ես եմ, իմ տունը չեմ զիջի. Աղավնոյի գյուղապետը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

36303360-08f2-4831-a9e7-eac4d8ce76cc.jpg

Նիկոլ Փաշինյանին երբևէ լուրջ էլ չենք ընդունել, Սուսում մարդ-մուրդ չկա, չքննարկվող հարց է, հիմա բնակելի՞ տարածքներն են ուզում տալ։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։

Երեկ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսին ասել էր, որ երթուղու փոփոխության պարագայում այն տարածքները, որոնք նախկին Լեռնային Ղարաբաղին ինքնավար մարզի սահմաններում չեն եղել, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Դե գիտեք, Բերձորի, Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք։ Եվ նաև բնակիչները բնականաբար պետք է ապահովվեն բնակարաններով։ Մենք այսօր Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք։ [...] Լաչինում, ըստ էության, այսօր ընտանիքներ չեն բնակվում, և կառավարության որոշումներով իրենց խնդիրները լուծել ենք։ Եվ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն», - ասել էր Փաշինյանը։

Նա նաեւ ասել էր, որ Սուս գյուղի վերաբերյալ ոչինչ չի կարող ասել. «Սկզբունքը հետեւյալն է՝ ԼՂԻՄ վարչական շրջանից նե՞րս է գտնվում, թե՞ դուրս է գտնվում»։ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյան նշեց, որ Փաշինյանի ասածները հաշվի չի առնում. «Լուրջ չեմ ընդունել, չեմ ընդունում, հաշվի էլ չեմ առնելու։ Տան տերը ես եմ, իմ տունը չեմ զիջի, քառակուսի մետրի, տան մասին չէ խոսքը։ Մենք նաեւ նախորդ պատերազմի ժամանակ կորցրել ենք հարազատներ, որ մնա այս ամեն ինչը։ Մեր զոհված տղերքը, ոնցոր, մեզ հանձնարարել են մնալ»։

«Մարդ փրկելու համար երկիր ենք հանձնում։ Իր ասածը, որ բնակիչները, որ բնակիչները հավաքվեն ու Արցախի կառավարության հետ հարցերը լուծեն։ Այսինքն՝ ինքը սխալ բանակցություններ պետք է վարի, դուխաթափված, հոգնած, նստած, ոնց տեսանք Ալիեւը կողքը նստած։ Հիմա էդ մանդատն ո՞վ է իրեն տվել, որ մեր փոխարեն որոշի, ոչ միայն Աղավնոյի հետ կապված, ցանկացած տեղի հետ կապված», - ընդգծեց Չավուշյանը։ Աղավնոյի գյուղապետն ասաց, որ զիջելու տեղ չունեն։

«Ես կտրուկ քայլ տեսա, իմ անելիքը պետք է անեմ։ Ես գիտեմ, որ Ռոբերտ Աբաջյանի ու շատ հազարավոր տղաների պես դիրքը երբեք չենք զիջի, այդկերպ գիտենք»։

Ըստ գյուղապետի՝ այժմ 200-ից պակաս մարդ է բնակվում Աղավնոյում։ Նրա խոսքերով՝ դեռեւս գյուղը լքելու նախապատրաստական աշխատանքներ չեն սկսվել։ «Դեռ չէ, գիշերն է ասել, չնայած գիտեմ մեր ժողովրդի հոգեբանությունը։ Պարզապես շատ չլուսաբանենք Ալիեւի և Նիկոլի ցանկությունները։ Ինքն ամի՞ր է, ես զարմանում եմ մեր ազգի վրա, ի՞նքը որոշի, ամի՞ր է, ի՞նչ է։ Ինքը կարա իր տան վրայով որոշում կայացնի, մեր տան վրայով չի կարա, թույլ չենք տա», - եզրափակեց Աղավնոյի գյուղապետը։

--00—ՀԶ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր