Լոռիում առանձնակի դաժանությամբ սպանություն գործած անձին ազատելու հարցը ճանաչվել է անթույլատրելի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1.jpeg

2022 թվականի հունիսի 7-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող Կ. Ք.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց գրավ ընտրելու մասին: Գրավի չափ էր սահմանվել 15 մլն դրամը, որը 2022թ.-ի հունիսի 16-ին վճարվել էր, և ամբաստանյալը ազատվել է արգելանքից:

 Հիշեցնենք, որ դեռևս 2019 թ.-ի հունվարի 15-ին, որովայնի շրջանի հրազենային վիրավորումով, ձախ ականջի ամպուտացիայով և աջ ականջի կտրած վերքով, ագոնալ վիճակում «Սպիտակի բժշկական կենտրոն» էր տեղափոխվել 1978 թ.-ին ծնված Գ․Մ-ն, որը, գիտակցության չգալով, մահացել էր: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր Կ.Ք.-ն: Նախաքննության մարմնի` 2019 թ. հունվարի 18-ի որոշմամբ նա ներգրավվել էր որպես մեղադրյալ և նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

 Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 7-ի որոշման դեմ մեղադրողի կողմից 2022թ.-ի հունիսի 24-ին բերվել է վերաքննիչ բողոք՝ փաստելով, որ.

 Չի՛ նվազել ամբաստանյալ Կ․Ք․-ի կողմից վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու հանգամանքը,

Հանցանքի ծանրությունը և պատժի խստությունը կարող են անձին դրդել թաքնվել քննությունից կամ խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը (Կ․ Ք․-ին մեղսագրվող արարքի համար որպես պատիժ նախատեսված է միայն ազատազրկման ձևով՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում),

Բացի այդ, մինչ օրս հանցագործության գործիք հանդիսացած ակոսափող ատրճանակն ու դանակը չեն հայտնաբերվել, հետևապես, որևէ կերպ չի նվազել նաև ամբաստանյալի կողմից գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու ռիսկը, ինչը ոչ իրավաչափորեն հաշվի չի առնվել առաջին ատյանի դատարանի կողմից:

Բողոքաբերը գտել է, որ ամբաստանյալ Կ․ Ք․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին դատարանի որոշումը, թերևս հենց միայն կալանավորման` մատնանշված հիմքերն անտեսելու առումով, առերևույթ հիմնավոր չէ:

 Նշվածի համատեքստում, առանձին ուշադրություն է հրավիրվել նաև Կ․ Ք․-ի անձի և նրան մեղսագրված արարքի ծանրության աստիճանի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ հանգամանքներին.

 Հանցանքը կա­տա­րել է հրազենով և դանակով զինված խմբի կազմում, առանձին դաժանությամբ,

 Հանցանքը կատարվել է հանրային նշանակության հաստատությունում՝ ապահովագրական ընկերության գրասենյակում,

 Տուժողի նկատմամբ դրսևորել է առանձին դաժանություն, մասնավորապես՝ դանակով կտրել է արդեն իսկ հրազենային վիրավորումներ ստացած և օգնություն աղերսող տուժողի ականջախեցիները, ընդ որում՝ ամպուտացնելով ձախ ականջախեցին և այլն:

Այսպիսով, ներկայացվել է, որ տվյալ դեպքում առկա են այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բացառում են ազատության մեջ մնալու դեպքում ամբաստանյալի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը, և ն­ման պայ­ման­նե­րում փաստ է, որ միայն կա­լանա­վոր­ման ձևով նա­խա­տես­ված խա­փան­ման մի­ջո­ցով է հնա­րա­վոր վա­րույ­թի շրջա­նակ­նե­րում ա­պա­հո­վե­լ նրա պատ­շաճ վար­քա­գի­ծը, իսկ­ այլ խա­փան­ման մի­ջոց­նե­րը, այդ թվում՝ գրավը, չեն կա­րող լինել պիտանի, ու­նե­նալ զսպող ազ­դե­ցություն և­ ի զո­րու չեն ամբաստանյալին հետ պա­հել ոչ պատ­շաճ վար­քա­գիծ դրսևո­րե­լուց։

 Վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով մեղադրողի բողոքը, ամբողջությամբ համաձայնվելով բերված բողոքի հիմնավորումներին, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել առաջին ատյանի դատարանի 2022 թվականի հունիսի 7-ի թիվ ԼԴ2/0085/01/19 որոշումը` ամբաստանյալ Կ․Ք․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, բեկանել, իսկ ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը մերժել՝ ամբաստանյալին ազատ արձակելու հնարավորությունը ճանաչելով անթույլատրելի:

--00—ԶՀ

 

 

Տեսանյութեր