Արցախից սրտային պաթոլոգիայով հիվանդը Երևան է տեղափոխվել Բաքվի համաձայնությամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

խ

Երևան տեղափոխված քաղաքացին անհետաձգելի բուժօգնության կարիք ուներ, որն առաջին գործողությունն էր Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակում։ Այս մասին 24News-ին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Ավելի վաղ, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Կարմիր Խաչի միջնորդությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն:

«1960 թվականին ծնված տղամարդը հրատապ վիրահատության կարիք ունի։ Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաները», - նշված էր հայտարարության մեջ: «Մենք դա անում ենք հիմնականում կողմերի, որոշում կայացնողների հետ [տվյալ դեպքում արցախյան, ադրբեջանական] համաձայնեցնելով։ ՌԴ խաղաղապահներն ընդգրկված չեն եղել գործողության պլանավորման մեջ, բայց, իհարկե, իրենք տեղում էին [միջանցքի փակված հատվածում]։ Գործողությունը պլանավորվել է համապատասխան կողմերի հետ», - նշեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Ամատունին կոնկրետ չնշեց կողմերի անունները՝ նշելով, որ մյուս մանրամասները կոնֆիդենցիալ են։ «Բոլոր մարդասիրական հարցերը, որոնք ներկայացնում են կողմերը, դիտարկվում են մեր կողմից։ Մենք ընթացիկ երկխոսության մեջ ենք։ Ունենք գրասենյակ Լեռնային Ղարաբաղում, ինչը նշանակում է, որ համապատասխան կառույցների հետ մեր կազմակերպությունն ունի անմիջական դիալոգ։ Այսինքն՝ խնդիրը քննարկվում է մեզ հետ, հեռվից չենք գալիս, տեղում ենք աշխատում», - ասաց Կարմիր խաչի պաշտոնյան։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ