ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ-ում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

anahit-manasyan-e1625079026834.jpg

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված զինծառայողներին։

Պաշտպանը ծանոթացել է վերջիններիս պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։

Առանձնազրույցների ընթացքում պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի, այդ թվում՝ հոգեբանական ճնշումների վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացվել։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել է, որ նշված անձինք ապահովված են պատշաճ պահման պայմաններով, այդ թվում՝ մշտական խմելու ջրով, սնունդով, հիգիենայի պարագաներով։ Ըստ անհրաժեշտության՝ վերջիններս ստանում են բժշկական օգնություն և սպասարկում։

--00—ԶՀ