ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես։ Այս մասին «Ազատությանը» հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
«ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Ղազախստանի նախագահը Երևանում հայտարարել էր, որ պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։ Դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենք ընդունում են Ղազախստանի առաջարկը և պատրաստ են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը այդ երկրում։ Հայկական կողմը մինչ այս պահը չի հստակեցրել՝ ընդունում է արդյոք այդ հրավերը, թե՝ ոչ։
--00—ՅՄ