Պակիստանում իրադրությունը քաոսային է. ձերբակալվել է նախկին վարչապետ Իմրան Խանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

h

Պակիստանի իշխանությունները երեքշաբթի մայրաքաղաք Իսլամաբադի դատարաններից մեկի մոտ ձերբակալել են նախկին վարչապետ Իմրան Խանին, որը գլխավորում է երկրի ամենամեծ քաղաքական կուսակցությունը: Գրում է «Ամերիկայի ձայնը»։ 

70-ամյա գործիչը ձերբակալվել է, երբ պատրաստվում էր մասնակցել իր դեմ առաջադրված տասնյակ մեղադրանքների վերաբերյալ լսումներին` ենթադրյալ ահաբեկչությունից ու կոռուպցիայից մինչև դավաճանություն և այլ քրեական հանցագործություններ:

Խանի փաստաբանները պնդում են, որ ձերբակալությունից առաջ իրենց պաշտպանյալը ենթարկվել է հարձակման զինված խմբի կողմից։ Խանի կուսակցությունը դատապարտել է իրենց առաջնորդի ձերբակալությունը։

Պակիստանի ներքին գործերի նախարար Ռանա Սանաուլլահը հաստատել է Խանի ձերբակալությունը՝ հերքելով ֆիզիկական ուժ կիրառելու մեղադրանքը, նաև տեղի լրատվամիջոցներին որոշ մանրամասներ փոխանցելով ընդդիմադիր գործչի նկատմամբ հարուցված կոռուպցիոն գործի մասին։

Խանի ձերբակալությունը հանգեցրել է բողոքի ցույցերի․ ընդդիամդիր գործչի կողմնակիցներն Իսլամաբադում և երկրի այլ շրջաններում անմիջապես փողոց են դուրս եկել՝ բողոքելով ձերբակալության դեմ: Մայրաքաղաքում ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, ձերբակալել մի քանի տասնյակ հոգու։ Ըստ որոշ լուրերի, տեղի են ունեցել բախումներ, որոնց ժամանակ հնչել են կրակոցներ, կան վիրավորներ:

Խանի մեծաթիվ կողմնակիցներ հավաքվել էին Ռավալպինդիում գտնվող զինված ուժերի շտաբի մոտ՝ բանակի դեմ կարգախոսներ վանկարկելով, ինչն աննախադեպ է Պակիստանի նորագույն պատմության ընթացքում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ