ԿԸՀ-ն վերահաստատում է ընտրական գործընթացներում ներառականության ապահովման իր հանձնառությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

44986f7f-434f-479c-ba0d-4743138e77a3.jpg

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ մայիսի 15-ին ԿԸՀ-ում տեղի է ունեցել հանդիպում տեսողության խնդիրներ ունեցող անձանց հետ։ Հանդիպամանը մասնակցել էն Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) և «Ներառական իրավական բարեփոխումների» կոալիցիայից անդամներ։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին՝ հավաստիացնելով, որ ընտրական գործընթացում ներառականության ապահովումը ԿԸՀ-ի համար առաջնահերթություն է։ ԿԸՀ նախագահն ուրախությամբ նշեց, որ բրայլյան կաղապարների կիրառումն ընտրություններում արդեն ավանդույթ է դարձել։ Նա ասաց, որ IFES-ի գործընկերներն արդեն տեղեկացրել են, որ Երևանի ընտրություններում օժանդակելու են այդ հարցում։

IFES-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն իր խոսքում կարևորել է ԿԸՀ-ի նախաձեռնությունը՝ տեսողության խնդիր ունեցող անձանց հետ քննարկելու ընտրական գործընթացներում կիրառվող ընտրական գործիքների բարելավման և դրանց հասանելիության հետ կապված խնդիրները, որոնք ուղղված են վերջիններիս ընտրական իրավունքի իրացմանը։

ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը նշել է, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ մեկնարկած ներառականությանը նպաստող ընտրական գործիքների կիրառումը շարունակական բնույթ է կրում և ԿԸՀ-ը միտված է դրանց բարելավմանն ու զարգացմանը։ Տերչանյանը հիշեցրել է, որ բրայլյան կաղապարները կիրառվել են նաև այս տարվա մարտի 26-ին կայացած ՏԻՄ ընտրություններում։

Տեսողության խնդիր ունեցող անձինք, որոնք նախորդ ընտրություններին քվերակությանը մասնակցել էին բրայլյան կաղապարների օգնությամբ, ներկայացրել են իրենց հանդիպած խնդիրները՝ առաջարկելով այլ լուծումներ և բարելավումներ՝ ինչպես քվեաթերթիկի արտաքին տեսքի, այնպես էլ ՝ բրայլյան կաղապարների տեխնիկական լուծումների առնչությամբ։

ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության պետ Ելենա Այվազյանը ներկայացրել է ԿԸՀ կայքի ներառականության հնարավորությունները, որտեղ ներդրված նոր գործիքները հնարավորություն են տալիս թույլ տեսողության խնդիրներ ունեցողներին օգտվելու կայքի տեղեկատվությունից։ Նշվեց նաև, որ ԿԸՀ կայքի լուրերն ու նորությունները տեղադրված են ձայնային հաղորդագրությամբ, իսկ առաջիկայում ԿԸՀ նիստերը կուղեկցվեն ժեստերի լեզվի թարգմանությամբ։

ԿԸՀ-ն վերահաստատում է ընտրական գորընթացներում ներառականության ապահովման իր հանձնառությունը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ արվելու է և՛ ընտրատեղամասերի մատչելիության ապահովման և հաշմանդամության տարբեր տեսակի խնդիրներ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման համար։

--00—ԶՀ