ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Безымянный-292.png

ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ: Ամերիկյան պատվիրակության կազմում է եղել նաև ԱՄՆ բրիգադային գեներալ, Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդին:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձ է կատարել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր: Էդիտա Գզոյանն անդրադարձել էվ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Տիկին Լորա Քելին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Հենրի Մորգենթաուի հայանպաստ գործունեության մասին պատմելով՝ նա շեշտել է, որ Մորգենթաուի, Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի կատարած աշխատանքի շնորհիվ ամերիկյան հասարակությունը քաջածանոթ էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող հայերի կոտորածներին, և որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև հարգանքի տուրք էր այդ մարդկանց հիշատակին: ՀՑԹԻ փոխտնօրենը հյուրերին է ներկայացրել Հիշողության պուրակի պատմությունը և նշել, որ այնտեղ առաջին թվագրված ծառը 1997 թվականով է, որը տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոլը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած, ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի:

 --00--ԶՀ