Հույն խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, գրառում արել հուշամատյանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:

Նա անդրադարձ է կատարել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին նրանք գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

--00—ԼՄ