Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

1

Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ: 

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Պարոն Ալեքսանդր Բելսկին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության անդամները գրառումներ կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրին նվիրեց ՀՑԹԻ հրատարակություններից: Իր հերթին պարոն Ալեքսանդր Բելսկին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, թանգարանին նվիրեց Սանկտ Պետերբուրգի տեսարժան վայրերի պատկերներով հուշանվեր:

--00—ԼՄ