Ֆրանսիայում ցույցերն ուղեկցվել են անկարգություններով․ 150 մարդ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

0dea8c7f-1223-4d99-8dc2-fc853e894445.jpg

Ֆրանսիայում արդեն երկու օր շարունակվող ցույցերն այս գիշեր ևս ուղեկցվել են անկարգություններով և բախումներով։ Հարձակման են ենթարկվել և հրկիզվել մի շարք հասարակական շենքեր։ Իրավապահներն առնվազն 150 մարդու են ձերբակալել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

Բողոքի առիթ է դարձել ոստիկանության կողմից 17-ամյա դեռահաս վարորդի սպանությունը։ Տղան հրաժարվել էր ենթարկվել ոստիկաններին և մեքենայով հեռացել էր, սակայն ոստիկաններից մեկը կրակել էր նրա վրա, և նա ստացած վնասվածքներից մահացել էր։

Ֆրանսիայի Նանտեր քաղաքում, որտեղ սպանվել էր 17-ամյա Նահելը, ցուցարարները հրկիզել են մեքենաներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցների դեմ արցունքաբեր գազ են կիրառել։

Լիլ քաղաքի Մոնս-օ-Բարոլ արվարձանում մարդիկ ներխուժել են քաղաքապետարանի շենք, հրկիզել փաստաթղթեր և կահույք։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն այս ամենը որակել է որպես «անտանելի բռնությունների գիշեր հանրապետության խորհրդանիշների դեմ»։ Ֆրանսիայի կառավարության խոսնակը ևս խռովությունները բնութագրել է որպես հարձակում հանրապետության դեմ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախարարների հատուկ հանդիպում է անցկացրել։ Նա նշել է, որ տեղի ունեցած անկարգություններն արդարացում չունեն։ Ավելի վաղ Մակրոնը դեռահասի սպանությունն անվանել էր «աններելի»։

2022 թ.-ին Ֆրանսիայում ոստիկանության կողմից կանգնեցված վարորդներից 13-ը սպանվել են։ Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների՝ ոստիկանների կողմից մարդկանց վրա կրակելու դեպքերն աճել են 2017 թ․-ից ի վեր, երբ օրենքով ընդլայնվեց այն դեպքերի շրջանակը, երբ ոստիկանները կարող են հրազեն կիրառել։

--00—ԶՀ