Սիմոնյանը ֆրանսիացի իր գործընկերոջ հետ խոսել է Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

photo_2023-09-14_13-56-09

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին: Ջերմորեն ողջունելով  հյուրին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս այցը հնարավորություն կընձեռի տեղում ծանոթանալու վերջին զարգացումներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Այս համատեքստում  քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությանն առնչվող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը արձանագրել է, որ երկու ամիս առաջ  Ժան-Լուի Բուրլանժի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո իրավիճակն էլ ավելի է սրվել:

Ալեն Սիմոնյանը խնդրի  կարգավորման հարցում շեշտել է քաղաքական եւ դիվանագիտական ջանքերի անհրաժեշտությունը` այս առումով բարձր գնահատելով առաջին հերթին Ֆրանսիայի նախաձեռնողականությունը եւ պաշտոնական Փարիզի քաղաքական աջակցությունը: «Եկել եմ Ֆրանսիայի աջակցությունը փոխանցելու Հայաստանին, միասին պայքարելու այն արժեքների համար, որի կրողն է ձեր երկիրը»,- նշել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ չնայած իր երկիրը շատ բան է անում Հայաստանի համար, բայց դա բավարար չէ ծայրահեղ լարված իրադրությունը շուտափույթ լուծելու տեսանկյունից:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը նշել է, որ ակնկալում է ֆրանսիացի գործընկերների գործուն քայլերի շարունակականությունը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը եւ  դատապարտելու հումանիտար աղետը: Նա խոսել է նաեւ Ադրբեջանի հանդեպ միջազգային պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունից:

--00—ՅՄ