Միջազգային հանրությունից պետք է արձագանքի ձևով հստակ գործողություն. Արգենտինայի դեսպանը՝ Սիմոնյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

photo_2023-10-02_17-47-42

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Արգենտինյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման գործում դեսպանի անգնահատելի ներդրումն ու սրտացավ հետեւողականությունը: ՀՀ ԱԺ խոսնակը երախտագիտություն է հայտնել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին բարձր ամբիոններից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն անդրադառնալու, ծանր պահին հայ ժողովրդի կողքին լինելու եւ սատարելու համար: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված ԼՂ հայերին առնվող հարցեր:

Արգենտինայի դեսպանը նշել է, որ Հայաստանից հեռանում է շատ ջերմ եւ, միեւնույն ժամանակ, ծանր հուշերով: Նա նշել է, որ կիսում է այս օրերին հայ ժողովրդի ապրումներն ու Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքականությունը ԼՂ հայերի հանդեպ ողբերգություն է որակել՝ համայն քաղաքակիրթ մարդկության դեմ: Նա նշել է, որ միջազգային մակարդակով պետք է քննել տեղի ունեցածը եւ համարժեք գնահատականներ տալ: «Այն, ինչ հարկավոր է այսօր Հայաստանին միջազգային հանրությունից, չի սահմանափակվում միայն հայտարարություններով, պետք են արձագանքի ձեւով հստակ գործողություններ»,- ընդգծել է դեսպանը:

Հանդիպմանը քննարկվել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում բարեկամական խմբերի դերը:

--00—ՅՄ