Ստիպված եմ հերքել այս զառանցանքը, ՔԿ-ում նման հավաք չի անցկացվել և չէր էլ կարող անցկացվել․ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Screenshot_11

ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․ «Վաղուց բամբասանքային հերյուրանքներ հերքելու առիթ չէի ունեցել։

Այսօր մի քանի առցանց լրատվամիջոցում տեսա «Փաստ» թերթին հղումով, անանուն աղբյուրի վկայակոչման արդեն «հին ու բարի» մեթոդով գրված մի, այսպես կոչված տեղեկություն ՀՀ քննչական կոմիտեում բոլոր վարչությունների պետերի մասնակցությամբ ինչ որ օպերատիվ հավաքի անցկացման, դրա ընթացքում մասնակիցներին «նախկին գյուղապետների, քաղաքապետների, քաղաքականությամբ զբաղվող ակտիվ «սաստավի» ներկայացուցիչների անուններ, ինչպես նաև բիզնեսով զբաղվող անհատների տվյալներ պարունակող» ինչ-որ խորհրդավոր փակ ցուցակներ փոխանցելու, այդ ցուցակներում ընդգրկված անձանց մասին «պապկաներ» սարքելու և մեկ ամսում ՀՀ քննչական կոմիտեի գլխամաս ներկայացնելու մասին։ Գրվածքին էլ նույնքան ինտրիգային մի վերնագիր է դրվել՝ «Անցան գործի»։

Ժանրի կանոններով ստիպված եմ ժամանակ վատնել նման զառանցանքը հերքելու վրա, որպեսզի անտարբերության մատնելը որևէ մեկի կողմից չընկալվի կամ չմեկնաբանվի որպես անուղղակի հաստատում։

Նման հավաք ՀՀ քննչական կոմիտեում չի անցկացվել և չէր էլ կարող անցկացվել։ Հետևաբար իրականության հետ որևէ աղերս չունեն ու չեն կարող ունենալ նաև այսպես կոչված հավաքին վերագրվող մնացած անհեթեթությունները։

Զարմանալի է, որ մեր առանձին գործընկերներ համառորեն չեն հրաժարվում իրենց դարն ապրած, շաբլոն և վաղուց ապակոդավորված մանիպուլյացիոն նման հնարքներից»։

--00—ՅՄ