18 զինծառայողի մահվան մեջ մեղադրվողի գործը 4-րդ անգամ է դատարանից դատարան տեղափոխվում․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

dd

44-օրյա պատերազմում 18 զինծառայողի մահվան մեջ մեղադրվող փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով ավելի քան 2,5 տարի տևած քննությունը նորից կսկսվի․արդեն չորրորդ անգամ գործը դատարանից դատարան է ուղարկվում, ընդ որում՝ արդեն երկրորդ անգամ գտնվելով դատաքննության փուլում, գրում է Pastinfo-ն։

Քրեական գործն ի սկզբանե՝ դեռևս 2021թ․ հունիսի 1-ին գտնվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի վարույթում, ապա, տուժողների միջնորդությունը և կողմերի դիրքորոշումը հաշվի առնելով, գործը դեռևս նախապատրաստական փուլում ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Հարությունյանին։ Գործն արդեն քննության փուլում էր, մոտենում էր ավարտին, սակայն 2023թ․ հուլիսին դատավորի լիազորությունների դադարեցումից հետո գործը վերամակագրվեց դատավոր Դավիթ Բալայանին։ Հետագայում՝ պայմանավորված օրենսդրական փոփոխություններով, ըստ ընդդատության, տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ էլ դատավոր Սուրեն Խաչատրյանի վարույթում գտնվել է ավելի քան վեց ամիս, կրկին հասել դատաքննության փուլ, հրապարակվել էր մեղադրական եզրակացությունը, սահմանվել՝ ապացույցների հետազոտման հաջորդականություն։ Գործի քննությունը, սակայն, այս դատարանում ևս չհանգուցալուծվեց։ Պարզվում է՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ կոռուպցիոն հանցագործությունների ցանկը սահմանող հավելվածում կատարվել է փոփոխություն, համաձայն որի, տվյալ հոդվածը համարվում է կոռուպցիոն բնույթի, բացառությամբ այն դեպքերի «երբ այն կատարվել է ոչ շահադիտական դրդումներից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով», մինչդեռ, Վերանյանին առաջադրված մեղադրանքում շահադիտական դրդման և բռնության նկարագրություն, ըստ դատարանի, առկա չէ։

Փետրվարի 16-ին կայացած նիստի ընթացքում դատարանը որոշել է գործն ըստ ընդդատության կրկին ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ հետագա քննության։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործը կրկին մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին, որը որոշել է դիմել Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։

Փաստացի, շուտով կլրանա երեք տարին, ինչ գործը դատարանում է, սակայն սայլը տեղից չի շարժվում, քանի որ դատաքննության փուլում գտնվող գործով կա՛մ դատավորի լիազորություն է դադարեցվում, կա՛մ օրենսդրական փոփոխություն իրականացվում։

Հիշեցնենք, որ զինծառայողները մինչեւ պատերազմի սկսելը ծառայում էին Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմի սկսելուն պես տղաներին Արցախ են տարել։ 2020թ․ հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի անձնակազմը Հորադիզի շրջանի Տիլի գյուղ տեղափոխել։

Ըստ մեղադրանքի՝ ճանապարհին՝ Իշխանաձորում, Անդրանիկ Վերանյանը նկատել է, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալը» կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել հրամանատարին, հրամանատարը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի ձայն են լսել եւ ինքն էլ հրաման է տվել՝ ցրվել տարածքում ու պառկել գետնին։ Քրեական գործի նյութերով՝ Անդրանիկ Վերանյանն անձամբ լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, հրամայել է անձնակազմին նստեցնել ավտոմեքենան եւ շարունակել երթը՝ նշելով, որ ԱԹՍ-ն ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։ 19 զինծառայողներ նստել են ավտոմեքենան ու շարժվել, 15 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալին», 18 զինծառայող զոհվել են, մեկը՝ մարմնական վնասված ստացել։

Զոհված զինծառայողների հարազատները պնդում են, որ զինվորների մահվան պատճառը Վերանյանի սխալ հրամանն է եղել։
 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ