Հանվել է Լևոն Քոչարյանի՝ երկրից չբացակայելու արգելքը՝ 2 մլն դրամի չափով գրավի դիմաց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ երկրից չբացակայելու խափանման միջոցը փոխվեց։

Դատարանը որոշեց կիրառել գրավ 2 մլն դրամի չափով։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երևանում՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք էր առաջադրվել «ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար» հոդվածով։

Լևոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել էր 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց՝ նոյեմբերի 6-ին, պատգամավորական մանդատը ստանալուց հետո։

Լևոն Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը որևէ հակաիրավական գործողություն չի արել, և, որ սա քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ։

--00—ՍՊ