Արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է ԲԴԽ-ի դեպարտամենտի պատրաստած ֆիլմը․ Փաստինֆո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

ֆ

ԲԴԽ-ի աշխատակազմ Դատական դեպարտամենտի կողմից հրապարակված՝ «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտումներ դատական իշխանությունից» ֆիլմն ուսումնասիրվում է ՀՀ ԱՆ-ի կողմից։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին ԲԴԽ-ի պաշտոնական էջում տեսանյութ էր հրապարակվել, որով ԲԴԽ-ի աշխատակազմը դատավորներին է մեղադրել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Երանոսյանի, Գագիկ Խաչատրյանի և Մանվել Գրիգորյանի գործերի տապալման համար՝ դա կապելով դատական նիստերի ձգձգման հետ և դժգոհելով, թե դրա հետևանքով Ռ․ Քոչարյանի, Ս․ Սարգսյանի գործով վաղեմության ժամկետներն անցել են։ Ավելին, երրորդ իշխանությանը սպասարկելուն կոչված մարմինը՝ դեպարտամենտը, հորդորել էր վարույթ հարուցող մարմիններին, որոնց թվում է գործադիր իշխանությունը, տեսանյութը դիտարկել կարգապահական վարույթ հարուցելու ուղղությամբ գործողություններ իրականանցնելու համար։

Թեև ԲԴԽ աշխատակազմի ուսումնասիրությունների հիման վրա վարույթ հարուցելու և այն քննելու դեպքում կասկածի տակ կարող է դրվել ԲԴԽ-ի՝ օրինական դատարան լինելու հանգամանքը, ինչի մասին բարձրաձայնել են նաև մասնագիտական հանրության ներկայացուցիչները, այդուհանդերձ, «Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության հետ՝ պարզելու, թե արդյո՞ք արդեն ուսումնասիրություններ իրականացվել են, տեսանյութում հիշատակված դատավորներից որևէ մեկի նկատմամբ վարույթ հարուցվել է, թե ոչ։ Նախարարությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ լրատվամիջոցներում հայտնվող բոլոր հրապարակումներն ուսումնասիրվում են նախարարության կողմից:

«Ինչ վերաբերում է վարույթ հարուցելուն, ապա ՀՀ Դատական օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը, հետևաբար, նման տեղեկատվություն տրամադրելը հակասում է օրենքի պահանջներին»,- նշեց ԱՆ մամուլի քարտուղար Նորայր Շողիկյանը։

--00—ՍՊ