Խոշոր միջազգային ներդրողները հայցեր են ներկայացրել ընդդեմ ՀՀ կառավարության․ մանրամասներ․ Փաստինֆո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ֆ
«Փաստինֆո»-ն գրում է․ Հայաստանի վարկանիշը միջազգային ներդրողների շրջանում շարունակում է իր հետեւողական անկումը, ինչի հարցում նպատակաուղղված ջանքեր են գործադրել ՀՀ գործող   իշխանությունները: Այսօր արդեն մի շարք խոշոր ընկերություններ  հայցեր են ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան՝  ընդդեմ ՀՀ կառավարության։ Դրանց թվում են՝ «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ» ընկերությունը,  «Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի» ընկերության բաժնետերերից «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն, ԶՊՄԿ-ի 12.5֊%-ի բաժնետեր հանդիսացող Walnort Finance Limited LLC շվեյցարական ընկերությունը։
 

Նշված ընկերությունների ոլորտային հետաքրքրությունները տարբեր են՝ աղբահանության մշակումից մինչեւ ոսկու եւ մոլիբդենի, պղնձի արդյունահանում, սակայն բոլորն էլ վիճարկում են Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀՀ կառավարության  գործողությունների իրավաչափությունը կամ հանցավոր անգործությունը, որոնց հետեւանքով  միջազգային ներդրողները խոշոր վնասներ են  կրել, սակայն  չինովնիկների «դուխով» անկոմպետենտության համար վճարելու ենք մենք՝ քաղաքացիներս:

«Ուոլնորթ ֆայնենս լիմիթիդ Էլ Էլ Սի» -ն՝ ընդդեմ ՀՀ կառավարության

Խոշոր ընկերություններից մեկը, որի առնչությամբ ընդդեմ ՀՀ կառավարության միջազգային ատյաններում հայց է ներկայացվելու, ԶՊՄԿ-ն է։

Այս դեպքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը՝  12.5%-ի բաժնետեր հանդիսացող «Ուոլնորթ ֆայնենս լիմիթիդ Էլ Էլ Սի»-ն (Walnort Finance Limited LLC)  բարձրացրել է իրավունքների պարբերաբար խախտման հարցը։

2021թ. սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ԶՊՄԿ-ն  ունի նոր բաժնետեր՝ ի դեմս  կրեմլամերձ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի։ Պարզվեց, որ վերջինիս ընկերությունը՝  «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ձեռք է բերել Հայաստանի թիվ մեկ հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը ու շտապել ընդհանուր կապիտալի 15%-ը նվիրել ՀՀ կառավարությանը։  Պատճառն ու պայմաններն առ այսօր հայտնի չեն, համենայն դեպս, պաշտոնապես որեւէ պարզաբանում չի տրվել, թե ՀՀ-ի թիվ մեկ հարկատուի նոր  սեփականատերն ինչու է բաժնետոմսեր նվիրել Փաշինյանի կառավարությանը։

ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատերը նախկինում   «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունն էր, որը 2021 թվականի օգոստոսին  հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։ Այսինքն՝ եթե բաժնետերերից որեւէ մեկը որոշի  վաճառքի հանել իր բաժնեմասը, ապա պետք է հարգվեն դրանք առաջնային  ձեռք բերելու իր իրավունքը։  Թերեւս 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակ Փաշինյանի հայտարարություններն էին  բաժնետիրոջ մոտ ողջամիտ եվ հիմնավոր կասկած առաջացրել, որ կառավարությունը փորձելու է միջամտել, ինչը հետագայում իրականություն դարձավ։

«Զանգեզուր Մայնինգ»-ի 2021թ. օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել, այլ նաեւ կիրառել էր հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։ Սակայն սեպտեմբերի 30-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամում նիստ  հրավիրեց,  ինչից ժամեր անց՝ աշխատանքային ժամի ավարտից հետո, հայտնի դարձավ, որ  բաժնետոմսերն ունեն նոր սեփականատեր՝ ի դեմս  Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերության՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի։ Իսկ վերջինս էլ արդեն ուշ գիշերով 15 %-ը նվիրաբերեց ՀՀ կառավարությանը։ Նկատենք, որ գործարքները ձեւակերպվել են գիշերով, ինչը եւ դարձավ այն հիմքերից մեկը, որ սույն գործարքը որակվեց կասկածելի ու քաղաքական կոռուպցիայի արդյունք։

Արձանագրենք նաեւ, որ գործարքը ձեւակերպելու պահին բաժնետոմսերն արգելանքից հանելու մասին դատարանի որոշումը դեռ պաշտոնապես չէր հրապարակվել։  Ճիշտ է, հետագայում վերաքննիչ դատարանը, առաջին ատյանի դատարանի նշված որոշումը անօրինական համարեց ու բեկանեց, բայց գործարքն արդեն ձեւակերպված էր։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՍՊ