Խախտել էին ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները. Անիի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

photo_2024-04-29_17-44-03

Անիի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկը Ձորակապ գյուղի վարչական տարածքում, իրեն հատկացված տարածքից բացի, առանց թույլտվության արդյունահանում է իրականացնում նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում:

Պարզվել է, որ 2016 թ. պայմանագրով ընկերությանը հատկացվել է մոտ 5,2 հեկտար տարածք, սակայն ընկերությունը գործունեություն է ծավալել նաև հարակից տարածքներում: Հարցմանն ի պատասխան՝ մարզպետարանից և համայնքապետարանից տեղեկացրել են, որ դրանք արոտավայր և վարելահող են:

Անիի համայքապետարանից ստացած փաստաթղթերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ ընկերությունը հիշյալ կից տարածքներն օգտագործել է առանց գործառնական նշանակության փոփոխման և թույլտվության:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ