Ուրախ ենք, որ Լիդիանի նկատմամբ քրգործի վարույթը շարունակելու հիմքեր չկան․ «Լիդիան»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Լիդիան

Փորձաքննական եզրակացության հրապարակումը սպասված իրադարձություն էր, քանի որ ՀՀ կառավարությունը բազմիցս նշել է, որ Լիդիանը հնարավորություն կունենա շարունակել Ամուլսարի ծրագրի իրականացումը փորձաքննության արդյունքներից կախված: Այս մասին ասել է Լիդիան Ինթերնեյշնլի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը` անդրադառնալով փորձաքննության եզրակացությանը:

«Փորձաքննական եզրակացության հրապարակումը սպասված իրադարձություն էր, քանի որ ՀՀ կառավարությունը բազմիցս նշել է, որ Լիդիանը հնարավորություն կունենա շարունակել Ամուլսարի ծրագրի իրականացումը փորձաքննության արդյունքներից կախված։ Այժմ պետք է ծանոթանանք փորձաքննական եզրակացության ամբողջական տեքստին և վստահենք, որ այն կհաստատի շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Լիդիանի խիստ ուշադիր մոտեցումը։ Ուրախ ենք տեղեկանալ նաև, որ փորձաքննական եզրակացության հետ կապված Լիդիանի նկատմամբ քրեական հետապնդման կամ քրեական գործի վարույթը շարունակելու հիմքեր չկան:

Ծանր տարի էր Ամուլսարի ծրագրի հազարավոր ուղղակի և անուղղակի շահառուների համար։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր աշխատակիցներին, կապալառուներին, մատակարարներին, համայնքներին, վարկաատուներին, բաժնետերերին և մյուս աջակիցներին, ովքեր այս ողջ ընթացքում վստահել են Լիդիանին»,- ասել է նա:

Լիդիան ընկերությունը մշտապես շեշտել է, որ Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության համապարփակ գնահատման գործընթացի հիման վրա տրված ընդերքօգտագործման թույլտվությունների համաձայն։ Այդուհանդերձ, անցած տարվա հուլիսից սկսած Լիդիանի Ամուլսարի ծրագիրը բնապահպանական երեք աուդիտի է ենթարկվել, և ընկերությունը լիովին համագործակցել է բոլոր փորձաքննական մարմինների հետ։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը նշել էր, որ պատրաստ է փորձաքննության եզրակացության վերաբերյալ որոշում կայացնել այս շաբաթ։