Արման Բաբաջանյանը վայր չի դնում մանդատը․ պատգամավորը հայտարարություն արեց՝ ուսապարկը ուսին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ հայտարարությունների ժամին ամբիոնին է մոտեցել ուսապարկով և հայտարարել, որ վերջին մի քանի օրերի ընթացքում իր համար ծանր է եղել, քանի որ ստիպված է եղել դժվար որոշում կայացնել։

«Ստիպված եմ հեռանալ ինձ շատ հարազատ թիմից, որի հետ մի քանի ամիս առաջ մասնակցել եմ ընտրությունների, հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ։

Իրականում իմ այդ որոշման խորքային դրդապատճառները ոչ այնքան «Լուսավոր Հայաստան» խմբակցության, որքան մեր ընդհանուր քաղաքական համակարգի ախտերի հետ է կապված։ Ես համոզված եմ, որ նոր Հայաստանը, որի հիմքը դրվել է թավշյա հեղափոխության օրերին, կարիք ունի նոր քաղաքական համակարգի, նոր քաղաքական գաղափարների ու սկզբունքների, նոր քաղաքական մտքի։ Ցավոք ես այդ նոր քաղաքականությունը չեմ տեսել ու չեմ տեսնում ոչ «Լուսավոր Հայաստանում», ոչ մնացյալ ուժերում», -հայտարարել է Արման Բաբաջանյանը, ապա հավելել, որ քաղաքական համակարգն Հայաստանում ախտահարված է, որի հետևանքով տարբեր ոլորտներում ճգնաժամեր են ինչպես ՍԴ-ում, անցումային արդարադատության հարցում, այդպես էլ Ամուլսարի խնդրում։

«Հեղափոխությունից մեկ ու կես տարի անց մենք տեսնում ենք Հայաստանի կողմից վարվող անատամ արտաքին քաղաքականություն։ Թավշյա հեղափոխության արդյունքում մենք շարունակում ենք վարել նախկին իշխանության քաղաքականությունը, այն դեպքում ժողովրդավարացած Հայաստանը պետք է աշխարհի հետ խոսեր նոր օրակարգով», -հավելել է Արման Բաբաջանյանը։

Պատգամավորը հայտարարեց, որ ինքը վայր չի դնում մանդատը և «Լուսավոր Հայաստանից» դուրս, անկախ պատգամավորի կարգավիճակում անելու է առավելագույնը կարող ուժերին համախմբելու, միավորելու ու նրանց ներուժը «ի բարօրություն Հայաստանի» օգտագործելու համար։

Տեսանյութեր

Live

Լրահոս