Բացառում եմ երբևիցե ԲՀԿ-ին և առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն.Ա. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

.

ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Armtimes.com-ի հետ զրույցում աբսուրդ և ամոթ է որակել լուրերն այն մասին, որ ինքն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։

Հրաժարականից հետո Վանեցյանն այժմ ընտանիքի հետ հանգստանում է Վրաստանում:

Մամուլում այսօր տեղեկություններ էին տարածվել, որ Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են. ըստ այդմ՝ հանդիպումը տեղի է ունեցել Ծառուկյանի առանձնատանը և տևել մի քանի ժամ: Այնուհետև մամուլը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Վանեցյանը առաջիկայում կանդամագրվի ԲՀԿ-ին:

«Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են, ամոթ է»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Արթուր Վանեցյանը:

- Պարոն Վանեցյան, այդ դեպքում ինչո՞ւ են նման խոսակցություններ շրջանառվում:

- Դա արդեն գրողներից է պետք հարցել, ումից են պատվեր ստացել, որ նման նյութեր գրեն:

- Այնուամենայնիվ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու վերաբերյալ խոսակցություն ձեր և Գագիկ Ծառուկյանի միջև չի՞ եղել:

- Ընդհանրապես չի եղել, չի էլ կարող լինել: Բացառում եմ երբևիցե կյանքիս մեջ որևէ փուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրվելու հնարավորություն և առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն:

- Այսինքն՝ մտադիր չե՞ք քաղաքականությամբ զբաղվել, թե՞ այլ կուսակցություններին անդամագրվելն եք միայն բացառում:

- Ես ասում եմ՝ քաղաքական ուժին անդամակցությունը բացառում եմ, իսկ թե ինչով կզբաղվեմ՝ որոշում կկայացնեմ ես ինքս, որի մասին կհայտարարեմ առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության, հանգստից հետո: Ես հիմա ընտանիքիս հետ Վրաստանում հանգստանում եմ:

- Պարոն Վանեցյան, հրաժարականից հետո ձեր հայտարարությունը հեռացվել է ԱԱԾ-ի ֆեյսբուքյան էջից, սա արդյո՞ք նշանակում է, որ դուք զղջացել եք այդ հայտարարությունն անելու համար:

- Ֆեյսբուքյան էջից հայտարարություն հանել-չհանելու հարցով պետք է դիմել ԱԱԾ և իրենց պաշտոնական կարծիքը ստանալ: Այն իմ իմացությամբ չի հանվել, հանվել է նոր ղեկավարության կողմից, չգիտեմ՝ ինչ հանգամանքներից ելնելով:

- Պարոն Վանեցյան, ձեր հրաժարականի հստակ պատճառների մասին ե՞րբ կխոսեք:

- Պատճառների մասին կխոսեմ ըստ անհրաժեշտության, եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին՝ կարող է ավելի շուտ խոսեմ, իսկ եթե հանգիստ թողեն ինձ, ուրեմն հանգիտ կշարունակեմ իմ կյանքը:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: