Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել «Թուֆենկյան» հիմնադրամի գործունեությունն Արցախում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

բակո

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը, Արցախում հիմնադրամի գրասենյակի ղեկավար Էդվին Գրիգորյանը և մի խումբ բարերարներ։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական մարմինների և «Թուֆենկյան» հիմնադրամի միջև համագործակցության ամրապնդման և ընդլայնման հեռանկարները։

Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործունեությունն Արցախում՝ ընդգծելով այստեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը, որոնք նպաստում են հանրապետության համայնքների համաչափ զարգացմանը։