ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Կիշան Դան Դեվալին` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել անվտանգության ապահովման ոլորտում երկու բարեկամ պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Մարտիրոսյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները բարեկամ և գործընկեր երկրի դեսպանի հետ ևս մեկ քայլ են հանդիսանում փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործընթացում և ընդգծել ՀՀ ԱԱԾ-ի կողմից փոխգործակցության խորացման պատրաստակամության մասին:  

 Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպված հանցավորության, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկու պետությունների անվտանգության մարմինների փորձի փոխանակման մասին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Կ. Դ. Դեվալը  նշել է, որ դեսպանությունը մշտապես պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ակտիվացման գործընթացում` ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների անվտանգության և բարեկեցության: