ՀՀ նախագահը ԱԶԲ-ին առաջարկել է հիմնել հիմնադրամ՝ ֆինանսավորելու կանանց ստարտափները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

բակո

Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 7-ին այցելել է «ԼՕՖԹ» կենտրոն, որտեղ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվում է առաջնորդության և հաղորդակցության դասընթաց քաղաքի սկսնակ ձեռներեց կանանց համար։

Ինչպես  տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասընթացի կազմակերպիչ, Ասիական զարգացման բանկի Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատին, ներկայացնելով ծրագիրը, հույս է հայտնել, որ դասընթացներն օգտակար կլինեն և կին ձեռներեցներին հնարավորություն կտան նոր հմտություններ ձեռք բերել ու ավելի զարգացնել իրենց ընկերությունները։

«Իսկապես հավատում եմ, որ հնարավորություններն այսօր մեր երկրում մեծ են: Կարևոր է, որ ինքներդ ձեզ հավատաք, դա շատ էական է»,-ասել է ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ բազմաթիվ են օրինակները, երբ տարբեր երկրներում հասարակությունները կարողացել են գոյատևել, որովհետև կանայք ավելի պրագմատիկ, ավելի ամուր են եղել և կարողացել են թե՛ իրենց ընտանիքը, թե՛ իրենց համայնքն ու հանրությունը ամուր պահել։ «Խոսվեց կանանց պաշտպանության, ընտանեկան կամ այլ դժվարությունների մասին: Կարծում եմ՝ մենք այդ ամենը կհաղթահարենք, և դրա ճանապարհներից մեկը մեր ազգային արժեքներն են,֊ նշել է նախագահը, ֊քանի որ մեր ազգային արժեքները, մեր ընտանիքներն իրենց խորքում, իրենց արմատներում ունեն այն բոլոր արժեքները, որոնք բերում են ընտանիքի կայունության»,-նշել է նախագահը:

Նախագահ Սարգսյանը զրուցել է դասընթացի մասնակից ձեռներեց կանանց հետ,

Նա Ասիական զարգացման բանկին առաջարկել է հիմնել հատուկ հիմնադրամ՝ ֆինանսավորելու կանանց ստարտափները։ Համաձայնելով ներկաներից մեկի այն դիտարկմանը, որ ցանկացած ծրագիր կամ բիզնես իրականացնելու համար ամենակարևոր գործոնները երկրում խաղաղությունը, կայունությունն ու օրենքի գերակայունությունն են՝ նախագահ Սարգսյանը կարևորել է օրենքի գերակայությունն ու պայքարն արատավոր երևույթների դեմ։ Այդ համատեքստում, նա մասնավորապես անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին և նշել, որ պայքարի բազմաթիվ ձևեր կան, սակայն ամենակարևորը նման երևույթների նկատմամբ հասարակության հոգեբանության և մտածողության փոփոխությունն է, նոր մշակույթի ձևավորումն ու հասարակական անհանդուրժողականությունը։ «Որպեսզի օրգանիզմը պայքարի հիվանդության դեմ, բարձրացնում են նրա իմունիտետը։ Նույն կերպ, որպեսզի պայքարը կոռուպցիայի դեմ արդյունավետ լինի, պետք է ձևավորել հասարակություն, որը մերժում է կոռուպցիան և ունի բարձր դիմադրողականություն նման երևույթների նկատմամբ»,- ասել է նախագահը։