Շարունակում ենք կառուցել ավելի ուժեղ բանակ՝ նաև Վազգեն Սարգսյանի տեսլականով․ ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Վազգեն Սարգսյան

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ  Դավթյանը շնորհավորել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-րդ տարեդարձը։

«Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է» մտքի հեղինակին իզուր չէ որ ժողովուրդը Սպարապետ կոչեց և դասեց ազգային հերոսների շարքին:

Ամեն տարի Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ևս մեկ անգամ արժևորում ենք նրա դերը մեր պետականության կայացման գործում, հիշում նրա սխրանքը՝ որպես հայ, որպես ազգային և քաղաքական գործիչ:

Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը վստահ էր, որ յուրաքանչյուր ժողովուրդ պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա: Ցավոք, նրա պայքարը, ճախրանքը ժամանակից շուտ ավարտվեց, բայց մենք այսօր էլ շարունակում ենք քայլել առաջ, կառուցել ավելի ու ավելի ուժեղ բանակ, հզոր պետություն՝ մեր առջև ունենալով նաև Վազգեն Սարգսյանի տեսլականը:

Վազգեն Սարգսյանն իր տեսակով մտավորական էր, պայծառ մտքի տեր մարդ, ով միևնույն ժամանակ գործով էր ապացուցում իր ճշմարտացիությունը, հայրենասիրություն էր սերմանում անձնական օրինակով: Վստահաբար կարող ենք ասել, որ մի քանի սերունդ դաստիարակվել է՝ հենց նրա կերպարն ունենալով իր մտքում:

«Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից»: Սպարապե´տ, այս պատգամդ միշտ մեր մտքում է, և ամեն օր ենք աշխատում մեր երկրի հիմքը՝ խրամատը, անխոցելի դարձնելու ուղղությամբ:

Սիրելի´ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ: Փառք քեզ, մեծ հայ: