Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը դուրս բերելու արարողությունը կանցկացվի դռնփակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Մայր աթոռ

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով՝ Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին՝ մարտի 28-ին, Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջի դուրս բերման արարողությունը կանցկացվի դռնփակ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։

«Այս որոշումը կայացվել է Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ պարբերաբար անցկացվող եպիսկոպոսների ժողովներից մեկի ժամանակ, որտեղ քննարկվել է Մայր Աթոռում պահվող սրբազան մասունքների դուրս բերման հնարավորությունը և դրանց գործածությամբ համապատասխան կարգերի կատարումը: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվելու, մեր ժողովուրդը հնարավորություն կունենա հետևելու առցանց»,- նշել է Տեր Վահրամը:

Նա նշել է, որ եկեղեցու կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում արարողությունների սփռման և համապատասխան անհրաժեշտ քարոզչության առումով եկեղեցականները որդեգրում են առցանց հեռարձակումների միջոցները։

«Ամեն օր Մայր Աթոռում, Հայաստանի և սփյուռքի թեմերի եկեղեցիներում կատարվում են բժշկության աղոթքներ, որոնք ևս լայնորեն տարածվում են համացանցում: Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ պարբերաբար գումարվում է եպիսկոպոսների ժողով, որի ընթացքում քննարկվում են համավարակի հաղթահարմանն ուղղված կարնխարգելիչ միջոցառումների շրջանակներում եկեղեցու անելիքները և ծրագրվում բոլոր անհրաժեշտ քայլերը, ցուցումներ տրվում թեմերի առաջնորդներին և բոլոր եկեղեցականներին իրենց հովվական առաքելության առնչությամբ»,- գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենը։

Մարտի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում տեղի է ունեցել համազգային աղոթք և ժամերգություն, որի ավարտին Հայրապետը հանդես է եկել ժողովրդին ուղղված կոչով։

Տեսանյութեր

Live

Լրահոս