Ավագ շաբաթվա Սուրբ Պատարագները անցկացվելու են դռնփակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News       

Մայր աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում որոշում է կայացվել շարունակել Ավագ շաբաթվա արարողությունները և Սուրբ Պատարագներն անցկացնել դռնփակ, առանց հավատացյալների ներկայության։ Այս մասին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարված գրառմամբ։

«Ի լրումն համավարակի առնչությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական հորդորի՝ այսու տեղեկացնում ենք մեր բարեպաշտ ժողովրդին, որ, առկա իրավիճակով պայմանավորված, որոշում է կայացվել շարունակել Ավագ շաբաթվա արարողությունները և Սուրբ Պատարագներն անցկացնել դռնփակ, առանց հավատացյալների ներկայության։

Հայտարարված արտակարգ դրության պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո, և, առավելագույն պատասխանատվությամբ պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները, հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ և հոգևոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից թելադրություն է արվել սփյուռքի թեմերի առաջնորդներին գործել ըստ իրենց երկրներում տիրող իրավիճակի։ Հոգևոր հովիվներն առողջապահական բոլոր կանոնների գործադրությամբ կշարունակեն հասանելի միջոցներով իրենց հոգեխնամ առաքելությունն իրականացնել՝ ի մխիթարություն մեր հավատավոր ժողովրդի»,- ասվում է գրառման մեջ։

Տեսանյութեր

Live

Լրահոս