Ստեփանակերտի բազմաբնակարան նոր թաղամասը կունենա 300 բնակարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News  

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտում իրականացվող բնակարանաշինության ծրագրերին:  

Հանդիպմանը ներկա «Դոմինիկ Սիստեմ» ընկերության պատասխանատուները նախագահին են ներկայացրել ընկերության կողմից մայրաքաղաքում իրականացվող բազմաբնակարան թաղամասի շինաշխատանքների ընթացքը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախ այն պետք է համապատասխանեցվի Ստեփանակերտի գլխավոր հատակագծի նախագծի պահանջներին, իսկ Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ձեռքբերվելուց առաջ բնակարանները պետք է ստանան քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների համապատասխան մասնագիտական եզրակացությունը: Նախագահի խոսքով՝ հայտարարված քաղաքականության տրամաբանության համաձայն՝ բնակարանների ձեռքբերման համար գինն առաջարկելու է կառավարությունը, իսկ եթե կառուցապատողն ավելի լավ առաջարկ ունենա, ապա ազատ կլինի իր որոշման մեջ:

«Դոմինիկ Սիստեմ» ընկերության պատասխանատուները շնորհակալություն են հայտնել նախագահ Հարությունյանին համագործակցության համար և խոստացել, որ, ըստ նախանշվածի, 2022թ. շահագործման կհանձնեն 120 բնակարան, հաջորդ երեք տարիների ընթացքում՝ 180 բնակարան:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարը, ԱՀ քաղաքաշինության նախարարը, Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավորը և պաշտոնատար այլ անձինք:     --0—ՄՀ