3 ամսից Վրաստանում ընտրություններ են. Ի՞նչ փուլում են կուսակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News 

աշխարհ

Նախորդ տարի Վրաստանում զարգացած իրադարձություններից հետո ակնկալվում էր, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին վրացական ընդդիմությունը միասնական ուժերով է փորձելու պայքարել իշխող կուսակցության դեմ, սակայն վերջին օրերին ընդդիմադիր կուսակցությունների ճանապարհները ընտրությունների մոտենալուն զուգահեռ բաժանվում են, այս մասին գրում է aliq․ge-ն:

Սահմանադրական փոփոխություններից հետո վարցական ընդդիմությունը հայտարարեց Թբիլիսիի 8 մեծամասնական շրջաններից 6-ի թեկնածուների անունները, որոնք այսպես կոչված «ընդհանուր թեկնածուներ» են: Հարկ է նշել, որ այս բանակցություններին չէին մասնակցում «Լելո», «Հայրենասերների դաշինք» կուսակցությունները, «Քաղաքացիական շարժում» և «Ժողովրդի համար» քաղաքական հարթակները:

Վերոնշյալ քաղաքական սուբյեկտների հայտարարություններից պարզ է, որ նրանք նույնպես առաջադրելու են իրենց թեկնածուներին Թբիլիսիի մեծամասնական շրջաններում, ինչը նշանակում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուների հակառակորդը կլինի ոչ թե մեկ, այլ մի քանի ընդդիմադիր թեկնածու:

Եթե ամիսներ առաջ ընդդիմության ռազմավարության մեջ էր մտնում միասնական պայքարը իշխանության դեմ, ապա այժմ որոշ կուսակցություններ փոխել են իրենց տակտիկան և որոշել շրջաններում առաջադրել ոչ թե ընդհանուր, այլ սեփական կուսակցական թեկնածուների: Վրաստանի առանցքային ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» մտադիր է Վրաստանի մնացած 22 մեծամասնական շրջաններում էլ առաջադրել իր թեկնածուներին:

Մեկ այլ, ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսացկությունը կոչ էր արել «Միացյալ ազգային շարժմանը», որպեսզի բանակցությունները շարունակվեին և շրջաններում նույնպես ընդհանուր թեկնածուներ առաջադրվեին: Այսօր «Ազգային շարժում» խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեի հայտարարությամբ՝ կուսակցությունը Վրաստանի բոլոր շրջաններում կառաջադրի իր մեծամասնական թեկնածուներին, սակայն հնարավոր է բացառություններ լինեն, եթե տեսնես որ ընտրական գործընթացում որևէ կուսակցություն առաջ է անցել և չնչին օգնություն է հարկավոր «Վրացական երազանքին» հաղթելու համար:

Այս պահի դրությամբ ի՞նչ է հայտնի.

«Վրացական երազանք» կուսակցությունը հուլիսի 20-ին ներկայացրեց 30 մեծամասնական պատգամավորների թեկնածուներին: Իշխող կուսակցության առաջնորդների խոսքով` այժմ աշխատանքներ են ընթանում  համամասնական ցուցակը կազմելու համար, որը պատրաստ կլինի մոտավորապես 1 ամսից:

Վրաստանի ընդդիմության հիմնական մասը համաձայն է Թբիլիսիի 8 մեծամասնական շրջաններից 6-ի հարցում: Մնացած երկու շրջաններում դեռևս հայտնի չէ, ովքե՞ր են լինելու ընդդիմության թեկնածուները, կամ լինելո՞ւ են ընդհանուր թեկնածուներ, թե ոչ:

Միավորված ընդդիմությունից դուրս գործող «Լելո», «Հայրենասերների դաշինք» կուսակցությունները, «Քաղաքացիական շարժում» և «Շարժում ժողովրդի համար» քաղաքական հարթակները, հավանաբար նույնպես կառաջադրեն իրենց թեկնածուներին Թբիլիսիում և շրջաններում:

Հետևելով վերջին օրերին զարգացած իրադարձություններին, կարող ենք ենթադրել, որ Վրաստանի ընդդիմության մեծ մասը միայն Թբիլիսիում կունենա ընդհանուր թեկնածուներ, իսկ շրջաններում գրեթե բոլոր կուսակցությունները կունենան իրենց թեկնածուները:

Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս