Եթե ուզում եք վատ շոր առնել, բացառո՞ւմ եք, որ գինը կէժանանա․ «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև բանակցություններ են ընթանում գազի գնի վերաբերյալ։ Ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, տնօրեն Հրանտ Թադևոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք 2019-ին սպասվո՞ւմ է գազի գնի նվազեցում։ Թադևոսյանը հիշեցրել է, որ սակագնի սպառման մասին որոշումները կայացվում են միջպետական կառավարական համաձայնագրերի շրջանակում, որոնց իրենք չեն մասնակցում։

«Չենք մասնակցել և չենք էլ մասնակցելու այդ գործընթացներին։ Դրվածքն է այդպիսին։ Այդ համաձայնությունների հիման վրա մեխանիզմներ և գին է սահմանվում, որը «Գազպրոմ» և «Գազէքսպորտ» ընկերությունների համար հիմք է պայմանագիր կնքելու համար։ Ներկա փուլում ՀՀ ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա», - հայտարարել է Թադևոսյանը և տեղեկացրել, որ «Գազպրոմ»-ից 13.6 միլիարդ գումար են վերցնում, որ ամբողջապես հոգան իրենց ծախսերը:

«Մենք վնասով ենք աշխատում: Ճոխ աշխատավարձերը, ինչպես դուք եք բնութագրում, 7.5 միլիարդ, ստանում ենք «Գազպրոմ»-ից: 227 հազար դրամը մեր միջին աշխատավարձն է: Այս գումարը նվեր ենք ստանում: 22.5 միլիարդի պակաս մուտքեր ունենք, որ իջեցնենք՝ կդառնա 50, ո՞վ կանի, ո՞ր բիզնեսմենը կանի:

Մենք իջեցրել ենք, կրում ենք վնասները: Հիմա հիմնադիրը չի պատրաստվում 2019թ. հետո կրելու վնասները: Քո հարևանը ամեն ամիս տալիս է 13.4 միլիարդ, աշխատավարձերի համար 7.5 միլիարդ, ուսումնական համալիր է սարքում: Ու ո՞նց եք պատկերացնում այս աշխատանքը, որ շարունակելու են նորից տա՞լ՝ ինչի՞ համար, իմ սիրուն աչքերի համա՞ր, ձեր սիրուն աչքերի համա՞ր»,- ասել է Թադևոսյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ գազի սակագինը կախված է որակից, անվտանգությունից: Դիտարկմանը, թե չի՞ բացառում, որ գինը կարող է նաև բարձրանալ, Թադևոսյանն ասել է. 

«Եթե դուք ուզում եք լավ շոր առնել, բացառո՞ւմ եք որ առնելու եք լավ խանութներից, և ուզում եք վատ շոր առնել, բացառո՞ւմ եք, որ գինը կէժանանա»,-ասել է Թադևոսյանը։