Գարեգին Բ-ն հյուրընկալել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Էդուարդո Էրնեկյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

գարեգին

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էրնեկյանին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է տեր Վահրամ քահանա Մելիքյանը: 

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց բարերարին՝ ազգային և հայրենական կյանքում ազնիվ հանձնառությունների ու նրա հոգածությամբ իրագործվող մեծածավալ ծրագրերի, ինչպես նաև Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը շարունակաբար սատարելու համար։

1

Մասնավոր անդրադարձ կատարվեց տիար Էրնեկյանի բարերարությամբ Մայր Աթոռում իրականացվող ծրագրերին և նախանշվող նոր ձեռնարկներին։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիար Էդուարդո Էօրնեկյանն այցելեցին Մայր Տաճար՝ ծանոթանալու ամրակայման ու հիմնանորոգության աշխատանքների ընթացքին, եղան նաև Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում։

1

Ուսումնական տարվա մեկնարկին այցելություն կատարվեց նաև Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն։ Շրջելով 2009 թվականին ի հիշատակ բարերարի ծնողների` տեր և տիկին Փանոս և Սրբուհի Էօրնեկյան ամոլի, հիմնադրված դպրոցում՝ Նորին Սրբությունը և մեծանուն հայորդին այցելեցին տարբեր դասարաններ, զրուցեցին աշակերտների հետ՝ մանուկներին ու պատանիներին բերելով բարեհաջող ուսումնառության իրենց մաղթանքները։

--00—ԼՄ